ԻՐԱՎՈՒՆՔ //
ՔՊ-ԱԿԱՆ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՔԱՅԼՆ ԸՆԴԴԵՄ «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԹԵՐԹԻ՝ ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2026թ. փետրվարի 9-ին հրապարակել է փորձագիտական կարծիք՝ «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին ԱԺ-ում չհավատարմագրելու մասին։ Նշենք, որ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին զուտ օպերատիվության համար «Գործընթաց» թերթն առանձին գրություններով է հայտնել չհավատարմագրման և գրաքննության փաստերի մասին, և ԴՄ-ն նշել է, որ չի կարող քննարկել գրաքննության դեպքը: Չհավատարմագրման և գրաքննության փաստերի փոխկապակցվածությունն ամբողջական, բազմակողմ հիմնավորել ենք իրավասու պետական կառույցին ուղղած դիմումով, որի մասին կհայտնենք ավելի ուշ: ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքն ամբողջությամբ հրապարակված է: Դրա Ա կետում թվարկված են փաստերը, մնացյալը՝ տե՛ս ստորև.
«...Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1/ Ընդհանուր իրավական շրջանակը
Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաեւ ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքներով։ Այս նորմերի համաձայն՝ լրագրողների գործունեության ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ եւ չկրի կամայական կամ խտրական բնույթ։
2/ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգ․
5․4․ ԴՄ-ն քննության է առնում տեղեկատվության ոլորտում պաշտոնապես գործունեություն իրականացնողների մասնակցությամբ տեղեկատվական վեճերը եւ ըստ անհրաժեշտության հանդես է գալիս հայտարարությամբ կամ հրապարակում է փորձագիտական կարծիք։
Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով «Գործընթաց» երկշաբաթաթերթի հիմնադիր տնօրեն Ինարա Դանիելյանի դիմումը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ներկայացրած հիմնավորումները եւ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգին վերաբերող փաստաթուղթը, արձանագրում է հետեւյալը․
- «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին չհավատարմագրելու հիմնական պատճառաբանությունը, թե՝ ԱԺ հավատարմագրման կարգը ենթադրում է միայն օրական, շաբաթական եւ ամսական պարբերականությամբ հրապարակվող լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրում, իրավական տեսակետից հիմնավոր եւ համոզիչ պատճառ չէ։
- «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին չհավատարմագրելը՝ հրապարակման պարբերականության ձեւական պատճառաբանությամբ, լրագրողական գործունեությունը սահմանափակելու միջոց է, ինֆորմացիայի տարածման նկատմամբ անուղղակի ճնշման ձեւ, հանրային վերահսկողության իրականացման խոչընդոտ։
- ԱԺ լրագրողական օթյակում տեղի ունեցածը ԴՄ-ն չի կարող քննարկել, քանի որ «Գործընթացի» լրագրողին հարցեր տվող անձը նույնականացված չէ, եւ այդ դրվագը հավատարմագրման մերժման հետ կապելու բավարար հիմքեր չկան։
- Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) նույնպես քննել է այս խնդիրը եւ եզրակացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը եւ դրա ղեկավարը «Գործընթաց» թերթի լրագրողներին հավատարմագրելու հարցը լուծելիս խախտել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի պահանջները, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթները մեկնաբանել են ի վնաս լրատվամիջոցի, որի նկատմամբ դրսեւորել են խտրական վերաբերմունք եւ, մերժելով հավատարմագրումը, անհիմն սահմանափակել են խմբագրության՝ տեղեկություններ, կարծիքներ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
- Դիտորդ մարմինն արձանագրում է, որ Ազգային ժողովում պատգամավորների եւ լրագրողների միջեւ ձեւավորվել է անառողջ, լարված եւ կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։ Այսպիսի գործելաոճը խորացնում է լրատվական դաշտի բեւեռացումը, խաթարում է լրագրողների եւ պետական ինստիտուտների փոխվստահությունը, վնասում է հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը։
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կարծում է, որ
- «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին հավատարմագրումից զրկելը չունի բավարար իրավական հիմք,
- հիմնված է հավատարմագրման կարգի կամայական եւ խտրական մեկնաբանության վրա,
- հակասում է խոսքի եւ տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքներին։