ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեր մասին
 «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ԹԵՐԹ
  // ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ /ԶԼՄ/  
Լրատվական գործունեություն իրականացնող <<Գործընթաց>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006թ.-ին: Նույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության տոնը խորհրդանշող օրվանից թողարկվում է <<Գործընթաց>> անկախ թերթը՝ նպաստելով ժողովրդավարական արժեհամակարգի կարևոր բաղադրիչ հանդիսացող անկախ մամուլի կայացմանը մեր երկրում՝ ի հաշիվ բազմաթիվ հրապարակումների, որոնցով հասարակական-քաղաքական կյանքի դինամիկ զարգացումների իրավիճակային օբյեկտիվ վերլուծություններն ու կանխատեսումներն ենք ներկայացնում ընթերցողներին, անդրադառնում ենք հանրային նշանակության կառույցների խնդիրներին ու ձեռքբերումներին, բարձրաձայնում ենք հարցեր, նպաստում դրանց լուծմանը՝ պահպանելով քաղաքական չեզոքությունը, որ լրագրողական անաչառության կարևոր հիմք է:
    Ի լրումն <<Գործընթաց>> թերթի, որում հրապարակվում է մեր ամբողջական լրահոսը, որպես լրացուցիչ ռեսուրս, 2020թ. մարտ ամսից գործարկվել է նաև www.gorcntac.am մեր պաշտոնական կայքը: Այն նախատեսված է խիստ հրատապ իրավիճակներում օպերատիվ հրապարակումների, տեսանյութերի, էլեկտրոնային կարգով հրապարակման ենթակա հայտարարությունների, այդ թվում՝ հաշվետվությունների, նաև մեր թերթի նախկինում հրապարակված որոշ հոդվածներից հատվածային, համառոտ նյութերի համար, որոնք շարունակում են պահպանել իրենց արդիականությունը մինչ օրս:
    Տեղեկացնենք, որ պահպանելով անկախ մամուլի համար կարևոր՝ անկախ ֆինանսավորման սկզբունքը, կայքը ստեղծել ենք բացառապես <<Գործընթաց>>-ի ֆինանսական միջոցներով, ի տարբերություն բազմաթիվ հասարակական-քաղաքական ԶԼՄ-ների, որոնց կայքերի զգալի մասը ստեղծվել է օտարերկրյա կամ նման ֆինանսավորում ունեցող ՀԿ-ի միջոցներով, ինչը հակասում է անկախ մամուլի սկզբունքներին:
Անկախ մամուլը <<Գործընթաց>>-ի դեպքում հատկորոշվում է նաև քաղաքական չեզոքությամբ, քանզի <<Գործընթաց>>-ում հակացուցված է որևէ կուսակցության, ՀԿ-ի կամ այլ կազմակերպության անդամակցությունը՝ որպես լրագրողական անաչառության կարևոր հիմք:
    Հաշվի առնելով, որ թերթի տպագիր տարբերակը թույլ է տալիս առավել ազատ, համընդգրկուն, բազմաշերտ վերլուծություններ հրապարակել, այդ թվում՝ նախատեսված բացառապես մեր ժողովրդի, ներքին լսարանի համար, իսկ կայքը սահմանափակում է այդ ազատությունը, քանզի այն հասանելի է դառնում նաև արտերկրում, կայքը ստեղծել ենք միալեզու՝ բացառապես հայերեն: Կայքում կլինեն այն նյութերը, որոնք թույլատրելի են նաև արտաքին լսարանի համար:
    Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մեր կայքում նյութերի ներքո մեկնաբանությունների հնարավորությունը բացառել ենք, քանզի մենք պատասխանատու ենք բացառապես մեր հրապարակումների համար, իսկ պատասխանատու հոդվածի ներքո չի կարող ստեղծվել անպատասխանատու դաշտ՝ անհայտ ծագման մեկնաբանություններով, որոնց համար ԶԼՄ-ն պատասխանատու չէ:
  Այս և այլ հարցերում սոցցանցերը գործում են իրավակարգավորումներից դուրս: Մերժելի համարելով նրանց ապօրինի գործունեությունը մեր երկրում և վարած քաղաքականությունն՝ Արցախն Ադրբեջան ներկայացնելու առումով, պաշտոնապես հայտնում ենք, որ ո՛չ <<Գործընթաց>> թերթը, ո՛չ մեր կայքը, ո՛չ էլ մեր անձնակազմից որևէ մեկը գրանցված չենք որևէ սոցցանցում: Կոչ ենք անում, հատկապես՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձանց դուրս գալ սոցցանցերից՝ մերժելով նրանց կողմից մեր պետական, ազգային շահերին հակասող գործելաոճը:
    Որպես անկախ մամուլ՝ մեր ընթերցողներին հավաստի, օբյեկտիվ հրապարակումներ ներկայացնելու շահերից ելնելով՝ առաջնահերթություն ենք տալիս անմիջական հարցազրույցներով առաջնային աղբյուրներից ստացված կամ կառույցների պաշտոնական կայքերի լրատվությանը, իսկ սոցցանցային էջերը դիտարկվում են ամենավերջին շարքում որպես ոչ հուսալի լրատվություն: Ուշագրավ է, որ ՏՏ ոլորտը զարգացման առաջնահերթություն հռչակած բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետն ու նրա կաբինետի անդամները, պատգամավորները, մարզպետները, Երևանի քաղաքապետն ու այլ բարձրաստիճաններ, անվանական կայքերի փոխարեն ապավինել են օվշորային, ՀՀ-ում ապօրինի գործող սոցցանցային անվճար էջերին, որոնք կառավարվում են օտարերկրյա, անհայտ շահեր հետապնդող սուբյեկտների կողմից: Այս սխալն ուղղելու համար նրանք օր առաջ, ի նպաստ ՏՏ ոլորտի, պետք է փակեն իրենց սոցցանցային էջերը՝ փոխարինելով դրանք անվանական կայքերով, եթե հատկապես՝ պայքարում են ֆեյք լուրերի դեմ, որոնցով ողողված են անպատիժ սոցցանցերը, ուր նույն անձի անունով  <<կլոնավորված են>> մի քանի էջեր՝ ֆեյք և ոչ ֆեյք:
    Հարգանքն ընթերցողի հանդեպ, նրան ստուգված, փաստարկված ու հետաքրքիր լուրեր, վերլուծություններ, մասնագիտական կանխատեսումներ մատուցելը մեր սկզբունքային գործելաոճն է: Մեր մրցունակ առավելություններից է՝ բազմաոլորտ լուսաբանումների հանդեպ մասնագիտական մոտեցումն, այդ թվում՝ քաղաքական լուրերի ու դրանց ընտրության հարցում  քաղաքագիտական  խորքային, բազմակողմ, որակյալ  գիտելիքների բազան: Մինչդեռ շատ այլ ԶԼՄ-ներ հաճախ ստիպված են հենվել ոչ բազային կրթությամբ, մի քանի ամսյա դասընթացներով քաղաքագետ ներկայացող անձանց տեսակետների վրա, ինչը չի երաշխավորում նյութի որակը: Մեր պարագայում  անկախ տեղեկատվավերլուծական հեղինակային նյութերը, որոնք հիմնականում հրապարակվում են թերթում, նաև առաջատար լրահոսի հիմք են դառնում:  Կոչ ենք անում  մեր գաղափարները, լուրերը մեջբերելիս չզլանալ նաև հղում անել մեր թերթին, կայքին կամ հեղինակին, առանց մեջբերման Ձեր կրկնօրինակումը նկատում ենք մենք ու մեր ընթերցողները, բաժանորդները: