ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀԱՅՏՆԻ Է, <<ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ>> ԱՆՀԵԹԵԹ ՎԱՐԿԱԾԸ ՀԵՐՔՎԵՑ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թ.-ին տեղի ունեցած մահափորձի քրեական գործով 5 տարի տևած դատավարության արդյունքում գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը հուլիսի 27-ին հրապարակված դատավճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:
Հենրիկ Ավագյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանը՝ ՀՀ ՔՕ 235-րդ եւ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու մեջ:
Հատկանշական է, որ նախքան դատավճիռը` դեռևս գարնան վերջին ստացվել էր դատարանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որն ի լրումն գործում առկա փորձագիտական եզրակացության, վերահաստատել է տեղի ունեցած մահափորձի փաստը: Նոր ստացված փորձագիտական եզրակացությունից քր. գործով մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը որոշ տվյալներ էր հրապարակայնացրել մամուլում: Թեմայի առնչությամբ <<Գործընթաց>> թերթը հրապարակել էր հոդված՝ <<ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ>>, տե՛ս https://gorcntac.am/pages/news_item?id=235 հղմամբ:
Հիշեցնենք, որ նշված փորձաքննությունը նշանակվել էր հենց ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանի միջնորդությամբ: Եվ ըստ նրա՝ մամուլին հայտնած տվյալների՝ փորձաքննությամբ արձանագրվել է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներն արձակվել էին մեքենայի շարժման ուղղությամբ ոչ միայն ձախ մասից, անտառապատ տարածքից, այլեւ աջ մասից: Այս փաստն այլ բան չէր նշանակում, քան որ փորձ է արվել փակուղային վիճակում դնել մարզպետին ու նրա ուղեկիցներին, որ անխուսափելի լիներ նրանց կյանքին ու առողջությանն անդառնալի հետևանքի պատճառումը: Ըստ էության մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին զարմացրել է տուժողների փրկության փաստը: Նրանք տևական ժամանակ փորձում էին շրջանառել մահափորձի իբր <<բեմադրության>> անհեթեթ վարկածը, որը տարածվել էր դեպքից անմիջապես հետո՝ ակնհայտ միտում ունենալով կանխել հանցագործության բացահայտումը և <<կոծկել>> մարզպետի մեքենան կրակահերթի ենթարկած անձանց, քանզի այդ վարկածի դեպքում քրեական գործն առանց բացահայտման կարող էր փակվել: