ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԸ
05.06.2020 17:41

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ         ԻՐԱՎԱԿԱՆ     

ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թ.-ին տեղի ունեցած մահափորձի քրեական գործով ստացվել է դատարանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որն ի լրումն գործում առկա փորձագիտական եզրակացության, վերահաստատել է տեղի ունեցած մահափորձի փաստը: Նոր ստացված փորձագիտական եզրակացությունից քր. գործով մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը որոշ տվյալներ է հրապարակայնացրել վարչապետի ընտանիքին պատկանող թերթում՝ տալով այլ մեկնաբանություններ և փորձելով արդարացնել իր պաշտպանյալին:

Նշենք, որ սկզբում գործով մեղադրյալներն էին Արա Բուդաղյանը, որը կարճ ժամանակ անց ազատ արձակվեց դեռ նախորդ իշխանության օրոք: Մյուսը Հենրիկ Ավագյանն էր, որին մեղադրանք է առաջադրված երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի համար, 3-րդ մեղադրյալը Գարեն Աթաջանյանն է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 20.05.2015 թ նպատակադրվել էին սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինքն չեն վնասվել:

Դեռ անցած տարի մամուլում հրապարակվել էր նախաքննական մարմնին Աթաջանյանի տված ցուցմունքը, որում նա նշել էր, որ գումար է ստացել Բուդաղյանների կողմից միջնորդավորված կերպով՝ 5000 ԱՄՆ դոլար, իսկ մահափորձի իրականացման համար խոստացված գումարն ընդհանուր 200000 ԱՄՆ դոլար է եղել: Եվ ահա մի քանի տարի ընթացող դատական նիստերից մեկում, հակասելով մինչ այդ տված ցուցմունքին, Աթաջանյանը կտրուկ փոխել էր խոսքը և <<բեմականացում>> ներկայացրել վարձու մահափորձը, ինչն ակնհայտ հետապնդում է պատասխանատվությունից խուսափելու նպատակ: Ուշագրավ է, որ նա սկզբում կալանավորված էր, իսկ հետո խափանման միջոցը փոխվեց ու նա տևական ժամանակ է, ինչ ազատության մեջ է, ուստի նրա ցուցմունքի կտրուկ փոփոխության վրա ազդող բազմաթիվ գործոններ կարող էին լինել, այդ թվում՝ քաղաքական:

Վերոնշյալ փորձաքննությունը, որի եզրակացությունը ստացվել է մոտ մեկ ամիս առաջ, նշանակվել էր հենց ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանի միջնորդությամբ: Եվ ըստ նրա՝ մամուլին հայտնած տվյալների՝ փորձաքննությամբ արձանագրվել է, որ նախկին մարզպետ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներն արձակվել էին մեքենայի շարժման ուղղությամբ ոչ միայն ձախ մասից, անտառապատ տարածքից, այլեւ աջ մասից: Այս փաստն այլ բան չի նշանակում, քան որ փորձ է արվել փակուղային վիճակում դնել մարզպետին ու նրա ուղեկիցներին, որ անխուսափելի լինի նրանց կյանքին ու առողջությանն անդառնալի հետևանքի պատճառումը: Երկրորդ կրակողի փաստը պահանջում է, որ դատարանում պաշտպանական կողմն ապացուցի, որ կապ չի ունեցել նրա հետ և որ մեղադրյալները կեղծ ցուցմունք չեն տվել: Տվյալ դեպքում նաև պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք մեղադրյալները բացահայտել են այն անձանց ամբողջական շրջանակը, որոնք տեղյակ են եղել մահափորձի տեղ ու ժամի մասին, քանզի համընկել են մեքենայի ուղղությամբ աջ ու ձախից կրակոցները:

Մինչդեռ պաշտպանական կողմը նախկին մարզպետի դեմ քաղաքական ելույթներ ունեցած վարչապետի ընտանիքին պատկանող թերթի միջոցով դարձյալ փորձ է անում շրջանառելու <<բեմադրության>> անհեթեթ վարկածը, որը տարածվել էր դեպքից անմիջապես հետո՝ ակնհայտ միտում ունենալով կանխել հանցագործության բացահայտումը և <<կոծկել>> մարզպետի մեքենան կրակահերթի ենթարկած անձանց, քանզի այդ վարկածի դեպքում քրեական գործն առանց բացահայտման կարող էր փակվել: Այս առումով նույն հրապարակման մեջ փաստաբան Հովհաննիսյանը հերթական կոպիտ վրիպումն է թույլ տվել՝ ներկայացնելով իր այն միջնորդությունը, որով հանելուկ է համարել, թե ինչպե՞ս է կազմվել Հենրիկ Ավագյանի ֆոտոռոբոտը, եթե ըստ իրեն՝ նմանակում տեղի չի ունեցել, տուժողները չեն տեսել իրենց վրա կրակող անձին: Հարց է ծագում, իսկ արդյո՞ք որևէ մեկն իր մեքենային ուղղված աջուձախ կրակոցների դեպքում գլուխը կհաներ պատուհանից տեսնելու անտառից ո՞վ կամ ովքե՞ր են կրակողները:

Այս քր. գործով պաշտպանական կողմի անհեթեթ դատողությունների շարքն ընդհուպ հասնում է նրան, որ կասկածի տակ են առել մեքենայում տուժողների առկայությունն, ըստ երևույթին հենվելով նրանց փրկության փաստի վրա, մինչդեռ փորձաքննություններով հաստատված այն փաստը, որ կրակահերթը տեղի է ունեցել մեքենայի ընթացքի մեջ, ինչից բխում է, որ չէր կարող մեքենան ինքն իրեն ընթանալ, այն էլ Կապան-Գորիս 1,5 ժամ թասաձև ոլորաններով, հաստատում է նրանում տուժողների առկայությունը:

Ավելի վաղ մամուլում հրապարակված տվյալներով մարզպետի երթուղին նախապես է ճշտվել: Բացի այդ, ինչպես մեղադրյալների պաշտպանն է հայտնում վերջին փորձաքննությունից, տեսախցիկներով ֆիքսվել է անգամ, թե ի՞նչ մեքենա է ընթացել նախկին մարզպետի մեքենայի հետևից, ինչպես ինքն է նշում, ճանապարհի ողջ ժամանակահատվածում: Առավել հավանական է այն, որ կրակողներից մեկը մյուսին գուցե հսկել է և մահափորձն իրագործելու համար կրակել նաև աջից:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում

Հեղինակ՝  Ինարա Դանիելյան