ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայ դատի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան
19.05.2022 16:37

    ԿՈՉ  //      Դեսպան Թրեյսին ստացել է  F (failure/ձախողում) գնահատականն, այդ թվում՝ 90,000 տեղահանված արցախահայերի և այլ հարցերի անտեսման համար

Հայաստանի Հանրապետությունում իր ավելի քան եռամյա դիվանագիտական ծառայությունից հետո դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ Առաջին անգամ՝ 2020թ․ դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

Անցնող գրեթե մեկուկես տարիների ընթացքում նույնպես դեսպան Թրեյսին, ի թիվս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը։

Այս առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նշել է․ «Ինչպես նախկինում ասել եմ՝ Հայ դատի հանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջողակ: Ցավոք, դեսպան Թրեյսին իր լռությանն ավելացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 90,000 տեղահանված արցախահայերի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգությունների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։ Հայաստանում դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման երեք տարին լրանալուց հետո դեսպան Թրեյսին շարունակում է ձախողել հարց առ հարց՝ շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկյան հանձնառու դեսպանի հիմնական մասնագիտական որակներից»։

Որպես կանոն՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակիցները երեք տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում և ստանում նոր դիվանագիտական հանձնարարություն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդեն լրացել է,  Հայ դատի հանձնախումբը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրա վերականգնել ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն՝ առաջադրելով նոր դեսպան: Հանձնախումբը սերտորեն կաշխատի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ երաշխավորելու համար, որ հաջորդ դեսպանն անհապաղ հաստատվի և իրապես արտացոլի ամերիկյան արժեքները։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ, 19.05.2022 թ.