ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը
02.04.2022 21:36

     ԱՀԱԶԱՆԳ   //  

Հայտարարություն ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից

<<2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքի մի մասը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին: Բացի ռազմավարական նշանակությունից, տարածքը կարևորվում է նաև իր պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, 13-րդ դար, լուսանկարը կցվում է), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը: Սակայն հարկ է շեշտել, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ, ինչի օգտին խոսում են նաև 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ևս երեք տասնյակ հուշարձաններ: Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո>>,-նշվում է Արցախի ԿԳՄՍՆ կողմից՝ կից փաստերով: Դրանով ներկայացվում է ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը: <<Ուստի, հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020թ. ագրեսիայից սկսած և արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022թ. մարտի 9-ի բանաձևով՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանն, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից>>,--նշված է հայտարարության մեջ: