ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒ ԿՈՉԸ
10.03.2022 23:05

      ԻՐԱՎԱԿԱՆ      

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՋՆՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր Եվրոպական խորհրդարանը 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայնով ընդունեց Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին։

  • Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում,
  • Փաստում է, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
  • Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության պետական մակարդակով քաղաքականության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից,
  • Կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
  • Կոչ է անում Ադրբեջանին «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա»,
  • Շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
  • Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: