ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը
29.07.2021 19:10

     ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ    

Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնյաների այցերն Արցախի օկուպացված տարածքներ նպատակ ունեն բացառել հարցի կարգավորման նախապայմանների հնարավորությունը

✅ Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:

✅ Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:

✅ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

✅ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։