ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2021թ. հոկտեմբերի 1-ից 2022թ․-ի մարտի 31-ը` «ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդես
21.07.2021 20:48

      ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ       

Շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում 

2021թ. հոկտեմբերի 1-ից 2022թ․-ի մարտի 31–ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կանցկացվի «ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։  «ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: 

Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ և ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էքսպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի և արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։

«ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ և հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գույքի և ծառայությունների անվճար տրամադրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 

«ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները և ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։ Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» և «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։

«ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ»-ի ընթացքում կազմակերպվելու է նաև «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների և հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաև հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:

Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով և տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական և արդյունաբերական պոտենցիալը: