ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ Լեզվի կոմիտեի հայտարարությունը
10.07.2021 11:57

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Պարեկների մեքենաների եւ համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն. Դա չի բխում ՀՀ Սահմանադրությունից և «Լեզվի մասին» ՀՀ օրենքից

ՀՀ Լեզվի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նրան, որ նորաստեղծ Պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա գերակայում է օտար լեզուն: Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Օրենքի և իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն։ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։

Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։

Լեզվի կոմիտեն բարձր է գնահատում պետական լեզվի նկատմամբ հանրության նախանձախնդրությունը, որը կոմիտեի ամենօրյա աշխատանքի՝ հայերենի գերակայությունն ապահովելու լրացուցիչ խթան է»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ