ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սթափվելու ժամանակն է, համախմբվել, վերանվաճել ինքնիշխանությունը, կանխել նոր կորուստները
21.09.2026 21:31

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //   

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Անկախության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձում նշել է. «Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքն այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։ Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն»։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, քաղաքական հետապնդմամբ ապօրինի կալանքի մեջ պահվող Սամվել Կարապետյանն իր շնորհավորական ուղերձում շեշտել է. «Հատկանշական է, որ Անկախության հռչակագիրը սկսվում է՝ «հայ ժողովրդի ճակատագրի առջև պատասխանատվության գիտակցումով…Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Մենք ունեցել ենք աններելի կորուստներ, ունենք անվտանգության մարտահրավերներ, հասարակությունը պառակտված է, իսկ պետական շահը հաճախ ստորադասվում է բացառապես նեղ անձնական և օրվա քաղաքական շահերի…Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները։ Համայն հայությունը 2026 թ.-ի սեպտեմբերի 21-ին և բոլոր հաջորդ տարիներին շարունակաբար ու աներկբա պետք է վերահաստատի իր կամքն ու պատասխանատվությունը այն նպատակին, որ Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար։ Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ոչ միայն անկախության մասին հիշողություն ու խորհրդանիշներ, այլ իրապես ինքնիշխան, անվտանգ, իր պետական, ազգային շահերով առաջնորդվող Ուժեղ Հայաստան»:
Հետընտրական ապօրինի կալանքում պահվող «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից է ժողովրդին հղել շնորհավորական ուղերձ՝ նշելով.  «35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիվ սերունդներ։ Երկար ու բարդ, հաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։ Այդ տարիներից 10 տարին պատիվ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Մեր աշխատասեր ու պատվախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման և խաղաղության շրջան ապահովել Հայաստանի և Արցախի համար, համախմբվել հայկական Սփյուռքի հետ, արժանապատիվ ու անվտանգ ազգային պետություն կառուցել։ Ցավոք, մեր Անկախության 35-րդ տարեդարձը մենք դիմավորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապես շեղվել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակված ազգային նպատակներից։ Ըստ էության, ապամոնտաժվում են բոլոր այն հենասյուները, որոնց վրա դրել ենք մեր պետականության հիմքը։ Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը։ Մոռանալով արժանապատվության, մեր ինքնության ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նվաստացուցիչ պահանջները…Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլության, արկածախնդրության և տգիտության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի և կոնֆլիկտների բախման կետի… ուզում եմ հույս հայտնել, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք, կվերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը։ Ժամանակ չկա»: