ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԱԼԻԵՎՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԵՐԺՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾ»
21.09.2026 21:28

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Ազգային Կոնգրեսն՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի տարածել է հայտարարություն, որում թվարկել է այսօրվա մարտահրավերները՝ նշելով, որ Փաշինյանի կողմից որպես «պաշտոնական գաղափարախոսություն» հռչակված «Իրական Հայաստանը» կամ «Չորրորդ Հանրապետությունը», ոչ թե ուղղված են «հայդատականության» կամ առավելապաշտության դեմ, ինչպես պնդում են փաշինյանական պրոպագանդիստները, այլ շղարշ են ալիեւյան պրոպագանդայի «նարատիվները» եւ հետագա զիջումները հայ ժողովրդի վզին փաթաթելու համար…
«Ադրբեջանի ճնշման ներքո նրանք հակասահմանադրական պատերազմ են հայտարարել հայկական ինքնությունը դարերով կրող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ճնշում եւ հետապնդում են ադրբեջանական պետական պրոպագանդային հակառակվող քաղաքական եւ հասարակական գործիչներին եւ կազմակերպություններին... 
• Առանց Հայաստանի ռազմական, էներգետիկ եւ պարենային անվտանգության որեւէ հաշվարկի կամ հիմնավորված վերլուծության, դեպի Հարավային Կովկաս Եվրոպական Միության ընդարձակվելու պլանների բացարձակ բացակայության իրավիճակում, Հայաստանի ներկա իշխանությունները, ընդամենը վաթսուն հազար քաղաքացիների ստորագրությունների հիման վրա, ընդունել են օրենք Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ, որի միակ զգալի հետեւանքը Հայաստանի տնտեսական դիրքերի թուլացումն է Եվրասիական տնտեսական միության մեջ։ Եւ սա այն դեպքում, երբ հենց նույն իշխանությունների խոստովանությամբ, ԵԱՏՄ անդամակցությունը չափազանց շահեկան էր Հայաստանի տնտեսության համար։
• Հայաստանի այսօրվա իշխանությունների վտանգավոր ձեռնարկումներից մեկը ԹՐԻՓՓ միջանցքի նախագծի իրականացումն է, որը Ադրբեջանին Հայաստանի տարածքով հաղորդակցությանը տալիս է «անխոչընդոտ» կարգավիճակ, մինչդեռ Հայաստանը նույն պայմանները չի ստանում Նախիջեւանի տարածքով անցման դեպքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման լուծման դեպքում Հայաստանի բոլոր ռազմավարական հաղորդակցությունները անցնելու են Ադրբեջանով, Հայաստանը հայտնվում է Ադրբեջանից բացարձակ կախվածության մեջ, եւ ձեռք չի բերում ազդեցության փոխադարձ լծակներ։ Այս միակողմանի կախվածության մեխանիզմը, որ Ադրբեջանին տալու է Հայաստանի հանդեպ մշտապես ճնշումներ գործադրելու եւ զիջումներ կորզելու հնարավորություն, կարող է չեզոքացվել միայն մեկ դեպքում՝ եթե կառուցվի Հայաստանը Սյունիքով Իրանին կապող երկաթուղի, որը ե՛ւ կհաղթահարի Ադրբեջանից կախվածությունը, ե՛ւ մեկ երկրի միջոցով կկապի Հնդկական Օվկիանոսն ու Սեւ ծովը։ Առանց նման լուծման ԹՐԻՓՓ֊ն ընկալվելու է որպես աշխարհաքաղաքական մեկ բլոկի շահերին ծառայող գործիք, այդպիսով Հայաստանի տարածք բերելով աշխարհաքաղաքական «պրոքսի» պատերազմի ռիսկերը…
• Ադրբեջանի թելադրանքով Հայաստանի ներկա իշխանությունների հերթական գրոհը սեփական ժողովրդի դեմ լինելու է Ալիեւի պահանջած սահմանադրության ընդունումը։ Այսօրվա իր տերերի հրամանը կատարելու նպատակով Փաշինյանը ամեն ջանք կգործադրի Հայաստանի անկախության իրավաքաղաքական հիմքերը խարխլող այդ հանրաքվեի անցկացման համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ազգովի դիմակայելու Հայաստանը վերջնականապես ադրբեջանահպատակ տարածք դարձնելու այդ ջանքերին։
• Հայաստանի այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը։
• Անկախության հռչակագրի պաշտպանությունը եւ ալիեւյան սահմանադրական հանրաքվեի մերժումը պետք է դառնա համազգային գործ, միավորի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին, ժողովրդավարներին եւ ազգայնականներին, հավատացյալներին եւ աթեիստներին, սոցիալիստներին եւ ազատականներին»: