ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր Հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին»
05.06.2026 22:24

      ՀՈԳԵՎՈՐ  //     

«…Ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի…»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդվում է. 

«Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։ 

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։  Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի»։