ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Իշխանությունը գահավիժող վարկանիշով փորձում է ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացին
«Փաշինյանի՝ Արարատ ցեմենտի վերաբերյալ հայտարարությունն անակնկալ չէր»,-անդրադառնալով գործարանի թեմային՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Սա Ալիևի պահանջն է. ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի: Ալիևն ինչ պահանջ դնի, պետք է մեր վարչապետը կատարի»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «շուտով Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական։ Նրա կամակատար ՀՀ գլխավոր դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն արագ գործի են անցել հարուցելով նախընտրական վարույթ:
ԲՀԿ նախընտրական շտաբն անդրադառնալով երեկ Փաշինյանի հրապարակային ցուցմանն ընդդեմ ԲՀԿ դաշինքի թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ, հայտարարություն է տարածել. «Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. վարչապետն ուղիղ եթերում հանձնարարեց գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։ Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։ Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։ Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների…»։