ԸՆՏՐԱԿԱՆ //
Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքի հայտարարությունը
Հունվարի 23-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունել է դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը։ Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը անընդունելի է համարում դիտորդական առաքելությունների սահմանափակման՝ իշխանության վերահսկման մեխանիզմները բարդացնելու հնարները։ Նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների հանրային վերահսկողությունը։ Այս նախագիծը տվյալ դեպքում ընդունվել է միահեծան իշխանության պայմաններում, իրականացվել է առանց ընդդիմության մասնակցության՝ բացառապես իշխանական խմբակցության ձայներով։ Նկատի առնենք, որ նախագիծը սահմանադրական օրենքի փոփոխությանն էր վերաբերում, և անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ ձայները (առնվազն՝ 65 )։ Քաղաքացիական պայմանագիրը Ազգային ժողովում ունի 71 պատգամավոր, հետևաբար սահմանադրական օրենքի փոփոխությունն իրականացվում է միահեծան…Հանրային դաշինքը շեշտում է, որ չի կարող համարվել ժողովրդավարական այն համակարգը, որտեղ մեկ կուսակցություն միահեծան փոփոխություններ է իրականացնում սահմանադրական օրենքներում։ Ինչպես նաև չի կարող ժողովրդավարական համարվել այն համակարգը, որտեղ նվազեցվում է իշխանության վերահսկման մեխանիզմները՝ այս դեպքում՝ դիտորդական առաքելության սահմանափակումները։
Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավաբաններին, իրավապաշտպաններին դիտարկել այս խնդիրը միահեծան համակարգի շրջանակներում և աշխատել, որպեսզի հետագայում թույլ չտրվի, որ մեկ կուսակցություն կարողանա սահմանադրական օրենքի փոփոխություն իրականացնել։
Հայտարարության հավելված՝ օրենքի փոփոխությամբ դիտորդական առաքելությունների դեմ ճնշումները
- Սուբյեկտիվ «քաղաքական չեզոքության» չափանիշի ներդրում, ըստ որի դիտորդների ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող է ընկալվել որպես քաղաքական դիրքորոշում, կարող է հիմք հանդիսանալ սահմանափակման կամ պատժման համար։
- Դիտորդների ինքնագրաքննության խթանում, քանի որ ընտրախախտումների հրապարակային արձանագրումը կարող է գնահատվել որպես քաղաքական կողմնակալություն։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայեցողության էական ընդլայնում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընդունելիությունը որոշելու հարցում՝ առանց հստակ և օբյեկտիվ չափանիշների։
- Քննադատական և անկախ դիտորդական կազմակերպությունների հնարավոր դուրսմղում ընտրական գործընթացից՝ իրավական, բայց քաղաքականապես պայմանավորված մեխանիզմներով։
- Ֆինանսական թափանցիկության լրացուցիչ և անհամաչափ պահանջների սահմանում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների համար, ինչը հատկապես բարդացնում է փոքր և մարզային կազմակերպությունների գործունեությունը։
- Օտարերկրյա դիտորդների հավատարմագրման ժամկետների կոշտ սահմանում (քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ)՝ առանց արտահերթ ընտրությունների կամ ճգնաժամային իրավիճակների համար բացառությունների։
- Միջազգային դիտորդական առաքելությունների արագ արձագանքման հնարավորության սահմանափակում, հատկապես ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ճգնաժամի պայմաններում։
- Դիտորդների հավատարմագրումը չեղարկելու հիմքերի ընդլայնում՝ առանց «քաղաքական չեզոքության խախտման» հստակ իրավական սահմանման։
- Ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո դիտորդների հեռացման ռիսկի բարձրացում, եթե նրանց գործունեությունը դիտարկվում է որպես «անհարմար» կամ քննադատական։
- Իշխանության վերահսկման մեխանիզմների համակարգային թուլացում, քանի որ նախագիծը ոչ թե բացահայտ արգելում է դիտորդական գործունեությունը, այլ այն դարձնում է վարչարարական, իրավական և սուբյեկտիվ սահմանափակումներից կախված։