ՀՈԳԵՎՈՐ //
Վեհափառ Հայրապետը Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենարար ավետիսը՝ նշելով «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Նա աղոթք բարձրացրեց առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում. «…Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայերի տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար»։ Ավարտին հնչեց «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս»։ Կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որի ավարտին Վեհափառ Հայրապետը Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին: