ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը ձախողվեց
18.12.2025 17:47
ՀՈԳԵՎՈՐ //
«Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, մեր ժողովուրդը մնում է աներեր». Մայր Աթոռ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկոյան ժամերգության ավարտին իր հայրական պատգամն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին՝ նշելով. «Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի…Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար։ Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելությանը…Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ… Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)…Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»: