ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽԻ «ՏԱՏԻԿ-ՊԱՊԻԿ» ԱՐՁԱՆԻՆ
25.11.2025 17:36
ԻՐԱՎԱԿԱՆ //
Բաքուն գործում է՝ ի հակառակ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման
Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։ Հայտնում է Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և մանրամասնում. «Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։ Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասերում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ…»: Նրանց մտահոգում է հատկապես այն, որ «Պապիկն ու տատիկը» պատկերված է տեղաբնիկ ժողովրդի՝ հայերի ինքնորոշման լեգիտիմ արդյունք հանդիսացող «ԼՂՀ» զինանշանի վրա»։ Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը շեշտում է. ««Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։ Չնայած Արցախում իր վարած մշակութային վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։ Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից։