ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽԻ ԱԺ-Ի ԵՐԱԽՏԻՔԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՄԱՐ
18.12.2024 00:25

     ՔԱՂԱՔԱԿԱՆ //    Կոչ է արվում միջազգային հարթակ ստեղծել՝ միանալով Շվեյցարիայի Ազգային խորհրդի բանաձևին 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խորին երախտագիտություն է հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին, բանաձևի հեղինակ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին և խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ Արցախի ժողովրդի իրավունքներին ցուցաբերած աջակցության համար։ Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ։

ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրության մնացած անդամներին միանալ Շվեյցարիայի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը հասցեագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։ Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում»: