ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ //
Հայտարարել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ կոչ հղելով Բաքվի դեմ կիրառել պատժամիջոցներ
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև, որով.
- «Հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումն, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցրել են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
- Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումն արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
- Հայտարարում է, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
- Հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
- Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:
- Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
- Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:
- Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
- Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:
- Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
- Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
- Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:
- Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:
- Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:
- Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին»: