ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին
02.09.2024 14:55

     ԱՐՏԵՐԿԻՐ     

Հայտարարել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն՝ արձանագրելով լուրջ խախտումներ, զանգվածային կեղծարարություններ

Բաքվում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթը, ներկայացնելով արձանագրված խախտումները, հայտարարել է. «Այս ընտրություններում չկար քաղաքական իրական բազմակարծություն», քանի որ բազմաթիվ թեկնածուներ բախվել են լուրջ խոչընդոտների, իսկ ընտրական հանձնաժողովները քաղաքացիական շատ դիտորդների աշխատանքը դարձրել են անհնարին։ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Մայքլ Կրիդն ասել է, որ «ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական և իրավական միջավայրում, քաղաքական բազմակարծության բացակայության պայմաններում»:

Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները ընտրողներին քաղաքական այլընտրանք չառաջարկեցին և անցկացվեցին հիմնարար ազատությունների և լրատվամիջոցների չափից դուրս սահմանափակումներով, նշել են եվրոպացի դիտորդները։ Ընտրատեղամասերի բացման, քվեարկության գործընթացները նրանք կազմակերպված են գնահատել, միաժամանակ նշելով, որ կարևոր ընթացակարգերի, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ լուրջ խախտումներ են տեղի ունեցել։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը համարվում է դիտորդական հիմնական, անկողմնակալ և հեղինակավոր առաքելությունը։ Ընտրողների մասնակցությունը պաշտոնական տվյալով անգամ կազմել է խիստ ցածր՝ գրեթե 37.5 տոկոս։ Ընտրողների թիվը 6 միլիոն 421 հազար 960 է նշվել: Բացվել էր 6 հազար 478 ընտրատեղամաս, այդ թվում՝ բռնազավթված Արցախում։

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը ևս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և նույնը կոչ են անում միջազգային հանրությանը։ Նրանք փաստում են, որ պաշտոնական նախնական արդյունքներն ամբողջովին կեղծված են։ Քաղաքական մրցակցության համար ապահովված չեն եղել անգամ նվազագույն պայմանները։