ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ
20.05.2024 15:35

     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    

Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ադրբեջանական քաղաքական վանդալիզմը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը՝ դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շարունակում է իր երեսպաշտական գործունեությունը՝ միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մոլորեցնելու և գեղեցիկ ձևակերպումների տակ հայկական էթնոցիդի իրողությունը թաքցնելու համար… 

Այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման ամենաիրական սպառնալիքի տակ։ Հայկական կրոնական, ազգային-հոգևոր կառույցները, ամբողջական բնակավայրեր ոչնչացվում, պղծվում, նենգախեղվում և այլակերպվում են, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, որոնք դեռ 2020 թ․ պատերազմից հետո պետք է ներկայացված լինեին Լեռնային Ղարաբաղում, թեյախմությամբ են զբաղվում ավելի քան 150 հազար հայերի էթնիկ զտման ճարտարապետներից մեկի հետ:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը ընթացիկ իրողությունների նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական վանդալիզմն այլևս սահմաններ չճանաչող իրողություն է, որը երեսպաշտական ցինիզմի մակարդակի է հասել «թեյախմությունների» և նավթադոլլարների շուրջ անդրկուլիսային առք ու վաճառքի հետևանքով։ Հետևանքը՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթական օջախների, եզակի ճարտարապետական հորինվածքներով շինությունների, մշակութային ամբողջական համալիրների ոչնչացումն է։ Մենք պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից վերջ տալ լռության և հարմարվողականության «թեյասիրական» գործելաոճին և իրականացնել սեփական մանդատով ենթադրվող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: