ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽԽՎ կողմից Բաքվին տրված հանձնարարականների ցանկը
13.10.2023 20:57

    ԶԵԿՈՒՅՑ   

Դատապարտող հայտարարություն, ԵԽ փաստահավաք առաքելության գործուղում Ադրբեջան

Հոկտեմբերի 9-ից մեկնարկած և հոկտեմբերի 13-ին ավարտվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր վիճակն է: ԵԽԽՎ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը: Միաժամանակ ընդունվել է նաև հանձնարարականների փաստաթուղթը: Ըստ փաստաթղթի՝ մոտ տասն ամիս տևած շրջափակումից և սեպտեմբերի 19-ին սկսված զինված հարձակումից հետո բնակչության մոտ 99 տոկոսը՝ շուրջ 100 հազար հայեր, հեռացել են Լեռնային Ղարաբաղից: Մինչդեռ, Ադրբեջանն ունի բոլոր բնակիչների, այդ թվում ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելու պարտավորություն և պատասխանատվություն: Ադրբեջանի գործողություններն էթնիկ զտումների կասկած են հարուցում:

  • Զեկույցը կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ և ապահովել հայ բնակչության վերադարձը: Զեկույցում նշվում է, որ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումը սարսափելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել, և ընդգծվում է փախստականներին տեղավորելու գործում Հայաստանին սատարելու անհրաժեշտությունը: ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումը: Վեհաժողովը միաժամանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դա ենթադրում է, որ Ադրբեջանն է պատասխանատվություն կրում իր սահմաններում կատարած գործողությունների համար:
  • Ադրբեջանն ակնհայտորեն անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանին ուղղված միջանկյալ միջոցները, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը, որով պարտավորվել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների երթևեկության և բեռների փոխադրման անվտանգությունը:
  • Վեհաժողովն ափսոսում է, որ ռազմական գրոհը նախաձեռնվել է այն պահին, երբ ուրվագծվել է մատակարարումների վիճակի բարելավում: Ռազմական գործողության մեկնարկը և դեպի Հայաստան մեկնումների համար միջանցքի բացումն ընկալվում է որպես նախագծված վիճակ, որը բնակիչներին պետք է դրդի հեռանալ երկրից:
  • Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա ողբերգական հակամարտությունը հնարավոր է լուծել միջազգային իրավունքի հիման վրա, միայն խաղաղ եղանակով, երկխոսության և բարի կամքի միջոցով և հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:
  • Վեհաժողովը հիշեցնում է, որ Ադրբեջանն ունի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և բնակչության տեղահանման կանխարգելման միջազգային պարտավորություններ: Վեհաժողովը խորապես ցավում է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդիկ՝ անկեղծ վախից և անվստահությունից ելնելով, սույն բանաձևի ընդունման պահին լքել են իրենց պապենական հողերը և փախել են Հայաստան:
  • Վեհաժողովը համոզված է, որ գրեթե ողջ բնակչության այդ ողբերգական արտագաղթը նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն: Ադրբեջանի համար դեռ ուշ չէ իրավիճակը շտկելու և իր բարի կամքն ապացուցելու համար:
  • Որպես Եվրախորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը կարող է և պետք է պատրաստակամություն և հստակ մտադրություն դրսևորի և կատարի ստանձնած պարտավորություններն ու պայմաններ ստեղծի հայերի վերադարձի համար:
  • Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն հնարավորը՝ ցույց տալու, որ պատրաստ է խաղաղության մեջ ապրել իր հարևան Հայաստանի հետ: Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիովին կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրենց համապատասխան սահմանների անձեռնմխելիությունը։
  • Սա հատկապես կարևոր է Նախիջևանի հետ հնարավոր տրանսպորտային միջանցքի համատեքստում, որը չի կարող ստեղծվել Հայաստանի կամքին հակառակ կամ/և ի վնաս նրա ազատորեն որոշված ազգային շահերի:
  • Եվրախորհուրդը կարող է առաջարկել իր փորձը վստահության ամրապնդման միջոցառումների հարցում՝ նպատակ ունենալով թույլ տալ այս տարածաշրջանի հայ բնակչությանը բավականաչափ վստահ զգալ իր հայրենիք վերադառնալու և խաղաղ ու վստահելի հարաբերությունների մեջ ապրել Ադրբեջանի իշխանությունների հետ։
  • Վեհաժողովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրեն լիարժեք տեղեկատվություն իրականացրած միջոցառումների վերաբերյալ, որոնք արդեն ընդունվել են կամ ծրագրվում են՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն անվտանգ վերադարձի վստահություն տալ հայերին, պաշտպանել և ընդլայնել նրանց իրավունքները:
  • Եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, Վեհաժողովը ստիպված կլինի կոչ անել Նախարարների կոմիտեին լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման։
  • Վեհաժողովը դիմում է Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին ամեն ինչ անել՝ հնարավորինս արագ կազմակերպելու Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն Ադրբեջան՝ նպատակ ունենալով գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները։