ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հրատապ ահազանգ-դիմում Արցախում անվտանգային վերահաս աղետի կանխման նպատակով
15.07.2023 21:59

     ՀՐԱՏԱՊ   //    

Արցախի Հանրապետության նախագահի նամակը Շառլ Միշելին, միջազգային հանրությանը

«Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետևյալ հանցավոր գործողությունների հետևանքով.

  • 2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:
  • Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է:
  • 2023 թ. հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է Հայաստան-Արցախ բարձրավոլտ միակ գծով էլեկտրամատակարարումը՝ այս 185 օրվա ընթացքում անընդմեջ կերպով հարուցելով Արցախում էներգետիկ ու հումանիտար լրջագույն խնդիրների, էլեկտրամատակարարման ամենօրյա վեցժամյա հովհարային անջատումների, էլեկտրականության սպառման ծավալների 48% նվազման և էլեկտրաէներգիայի արտադրության ու մատակարարման տեղական համակարգերի հյուծման: Իսկ ահա 2022 թ. դեկտեմբերի 13-ից պարբերաբար, իսկ մարտի 21-ից գրեթե անընդմեջ կերպով Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ միակ գազամատակարարումը (հանրագումարային 148 օր շարունակ)՝ դրանով խորացնելով էներգետիկ ու հումանիտար ճգնաժամը:
  • Ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Լաչինի միջանցքում՝ արդեն պաշտոնապես ու անթաքույց կերպով մեկնարկելով ռազմական, կոշտ ու կամայական հսկողություն բոլոր տեղաշարժերի հանդեպ:
  • Հունիսի 15-ից հետևել է Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը Ադրբեջանի կողմից՝ բացարձակապես արգելելով նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից որևէ անձի ու ապրանքի (ներառյալ՝ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, վառելիքի) երկկողմանի փոխադրումը:
  • Հունիսի 25-ից հուլիսի 10-ը խիստ սահմանափակ ծավալներով վերականգնվել էր միայն Կարմիր խաչի միջոցով հրատապ խնդիրներ ունեցող բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև որոշակի դեղորայքի ներկրումն Արցախ, իսկ հուլիսի 10-ից Կարմիր խաչի տեղաշարժը կրկին արգելափակված է:
  • Այս ողջ ընթացքում Ադրբեջանը կիրառել է ուժ և ուժի սպառնալիք Արցախի ժողովրդի հանդեպ՝ էթնիկ ատելության ու ահաբեկչության ակնհայտ դրսևորումներով և էթնիկ զտման անթաքույց նպատակով:
  • Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակաբար խոչընդոտվում է շփման գծին հարակից շուրջ 10,000 հեկտար հողերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը, որը կազմում է մշակված ընդհանուր հողատարածքների զգալի մասը:
  • Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման և բացառապես ներքին պաշարների օգտագործման հետևանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը, մասնավորապես՝
  • Առկա է սննդի վատթարացող սղություն և դա այն դեպքում, որ շրջափակումից առաջ օգտագործվող բոլոր պարենատեսակների շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից.
  • Վառելիքի և անհրաժեշտ այլ միջոցների խորացող սղության պատճառով չի իրականացվել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների շուրջ 70 տոկոսը, իսկ տնտեսության այլ ճյուղերում՝ ավելին.
  • Նույն պատճառով հանրային տրանսպորտի ներքին տեղաշարժը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ մասնավոր տրանսպորտի պարագայում՝ գրեթե ամբողջությամբ.
  • Դեղորայքի, բժշկական ու հիգիենայի պարագաների աճող պակասը և բուժառուներին Հայաստան տեղափոխելու արգելքը ահագնացող վտանգներ են հարուցում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ.
  • Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումների ու վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ ու խափանումներով են գործում բժշկական սարքավորումները՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների ծավալների ու որակի լրացուցիչ նվազման.
  • Անհրաժեշտ մթերքների և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2,000 հղիները և շուրջ 30,000 երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում.

Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումները և վառելիքի ու այլ անհրաժեշտ պարագաների սղությունը լրջագույն խափանումների պատճառ են դառնում բազմաթիվ բնակավայրերի ջրամատակարարման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գործունեության մեջ. Շրջափակման և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12,000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է: Արցախի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու միջանկյալ նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ադրբեջանն այսպիսի քայլերով միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի կյանքի համար անտանելի պայմաններ՝ նպատակ ունենալով հասնել Արցախի հայաթափմանը և Արցախի ժողովրդի ոչնչացմանը որպես այդպիսին։

Նշված և բազմաթիվ այլ անվտանգային ու հումանիտար հիմնախնդիրներն ահագնացող սպառնալիքներ են ներկայացնում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանները, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»: