ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Պարզաբանում ՆԳՆ-ից նույնականացման քարտերի հետ կապված
06.03.2023 18:37

      ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ    

2023 թ.-ի փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրվում են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչ նոր անձնագրերի տրամադրումը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասված է. «Նախատեսվում է տրամադրել նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված անձը հաստատող կենսաչափական փաստաթղթեր ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց՝ աստիճանաբար հին անձնագրերը փոխարինելով նորերով: Նշված հանգամանքով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով դադարեցվել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրումը, իսկ նույնականացման քարտերը 2023 թվականի փետրվարի 15-ից տրամադրվում են առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև նոր անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձեռք բերումն ու քաղաքացիներին տրամադրելը (ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին»  և «Նույնականացման քարտերի մասին»  օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որոնք ընդունվել և ուժի մեջ են մտել 30.12.2022 թվականից):

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ծրագրային փոփոխություններ, ինչի հետևանքով համակարգը երբեմն խափանվում էր և հնարավոր չէր լինում ձևակերպել ու թողարկել նույնականացման քարտերը: Խափանումները կարող էին տևել մի քանի ժամից մի քանի օր, ինչով պայմանավորված՝ նման իրավիճակներում անձնագրային ծառայություններին հանձնարարվել էր նույնականացման քարտեր չձևակերպել կամ ձևակերպել, սակայն սեղմ ժամկետում ծառայությունների մատուցման պայմանագրեր չկնքել: Բացի այդ, հաշվի առնելով առկա նույնականացման քարտերի բլանկների սղությունը, մինչև նոր նույնականացման քարտի ձեռք բերումը և 2023 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիներին տրամադրումը, դրանք տրվել են որոշակի սահմանափակումներով և հիմնականում այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն: 2023 թ․ փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր»,- ասվում է ՆԳՆ պարզաբանման մեջ։