ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը հետ է շպրտվել ելման դիրքեր. ԱՀ ՊՆ
06.03.2023 17:10

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ    

Կան զոհեր ու վիրավորներ երկու կողմերից, ԱՀ  քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ

<<Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  մարտի  5-ին  կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։  

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին  ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից>>,-հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

Իր հերթին ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.<<2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբն Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն»  կոչվող տեղանքից արևմուտք ընկած  հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող  ԱՀ  ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության  փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ:  Սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ  քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն>>: 

Ոստիկանության ծառայողների և հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր: