ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ ԱԶԱՏ ԵՐԹԵՎԵԿԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ԵԽԽՎ
06.03.2023 16:34

     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   

Իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ Ադրբեջանի կողմից

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական հաղորդման՝ համազեկուցողներն ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ: <<Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում: Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար: Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին: Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության>>- նշել են համազեկուցողները: Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել:

<<Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները <<Լաչինի միջանցքով>> անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ <<բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց>>: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ <<Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով>>: Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին>>,- նշում են համազեկուցողները: