ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Եվրախորհրդարանի կոչն Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից
10.02.2023 15:25

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Բաքուն պետք է երաշխավորի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով 

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից: Խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ, ընդգծում է զեկույցը:

«Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ զեկույցը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրախորհրդարանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը և մի շարք կարևոր ոլորտներում Հայաստանի և ԵՄ համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կենսական քայլ՝ մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով, որը գրեթե երկու ամիս արգելափակված է», - հայտարարել է զեկուցող Անդրեյ Կովաչևը (ԵԺԿ, Բուլղարիա) քվեարկությունից հետո։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայող` ընդունված զեկույցում Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտեց խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ուժերն օկուպացրեցին Հայաստանի ինքնիշխան տարածքը: Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկարաժամկետ հակամարտության հետ, զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։