ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՄ-ն նոր քաղաքացիական առաքելություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահման՝ 2 տարի ժամկետով
23.01.2023 20:28

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ   

Եվրոպական խորհուրդը հայտարարություն է տարածել

Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր, ինչին աջակցում է ԵՄ-ն: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», – ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հաղորդագրությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին: Հայաստանում ԵՄ առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի ժամկետով: Առաքելության օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:

Հավելենք, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևը։ ԵԽ պատգամավորները իրենց սուր ելույթներով դատապարտել են Բաքվի ռեժիմի հակամարդկային քաղաքականությունը, որոշներն էլ մեղադրել նաև ԵՄ-ին Ադրբեջանի հետ գազային համաձայնագրի համար։