ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
02.11.2022 19:50

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ //   

«ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

ՌԴ-ում հոկտեմբերի 31-ի եռակողմ հանդիպմանն ընդառաջ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Կայացել է բազմամարդ համաժողովրդական հանրահավաք: Վերածննդի լեփլեցուն հրապարակից հրապարակվել է Արցախի ԱԺ ընդունած հայտարարությունը, որը հետևյալն է.
«Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և Արցախի ապագայի հետ կապված հայտարարություններն ու հնչեցված դիրքորոշումները լուրջ մտահոգություն են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովն, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը.
-  Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում: Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում:
-   Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են:
Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների և պետականաշինության առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հ ա յ տ ա ր ա ր ու մ է.
- Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի: Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը:
-  Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատյաններում, համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետության ճանաչման գործին:
-  Արցախի Հանրապետությունը կողմնակից է կայուն խաղաղությանը և, հետևաբար, նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը միտված քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է վերապահումով մոտենան Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքը:
-   Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, մեզ համար անընդունելի է, քանի որ այն չի արտացոլում պատմաիրավական իրողությունները: Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին:
-  Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ:
-   Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումն՝ անփոփոխ և արտահայտում է աշխարհասփյուռ հայության հավաքական կամքն ու ամբողջությամբ բխում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ նախանշված սկզբունքներից»: