ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԵԼՈՒՅԹԸ ՀՐԱՏԱՊ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ.
13.10.2022 17:06

     ԻՐԱԶԵԿՈՒՄ   

,,Համախմբում,, նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հրապարակելով ճգնաժամի հաղթահարման օրակարգը. ,,Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները: Փորձելով հիմնավորել այս հակազգային և հակապետական գործողությունը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը: Նիկոլ Փաշինյանի այս ելույթն ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության, որի ընթացքում նա, գիտակցաբար և սեփական ոչ կոմպետենտության արդյունքում, հիմնահատակ կազմաքանդեց հայկական զույգ պետությունների անվտանգության ողջ համակարգը և աշխարհաքաղաքական առավել լարված ժամանակաշրջանում մեր երկիրն անպաշտպան թողեց անվտանգային սրված մարտահրավերների առաջ: Ուստի, Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումը իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական՝ այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.

  • ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին՝ խստագույնս հետևել ՀՀ Սահմանադրությանը և հրաժարվել հաստատել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի ոգուն և տառին,
  • ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Անկախության հռչակագիրը՝ հրաժարվել վավերացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին,
  • ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ խստորեն կատարել ՀՀ Սահմանադրությամբ հաստատված ՀՀ Զինված ուժերի պարտականությունները և կոշտ հակահարված տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերին,
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ իրավապահ մարմիններին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, խստորեն ապահովել երկրում օրինականության պահպանումը, հրաժարվել կատարել քաղաքական իշխանության՝ օրենքին հակասող ցանկացած պահանջ կամ ուղղակի հրահանգ,
  • ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում գործող ազգային ուժերին՝ ձևավորել միասնական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Ազգային վստահության ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ,
  • ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ սկսել խորհրդակցություններ ՀՀ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, այդ համատեքստում հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդարանական լսումներ:

Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար: Հայտարարությանը կարող են միանալ քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ:

,,Համախմբում,, նախաձեռնության խորհուրդ, Կարին Տոնոյան, Ավետիք Չալաբյան, Էդգար Ղազարյան, Մենուա Սողոմոնյան, Արսեն Գրիգորյան, Արամ Պետրոսյան, Արման Սահակյան,,: