ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԱԺ-ի թերի հայտարարությունն՝ Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ
14.09.2022 14:16

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Ընդդիմության առաջարկները դուրս են թողնվել

ՀՀ Ազգային ժողովը, շարունակելով միակուսակցական գործելաոճը, ՔՊ-ի մեկուսի քվեարկությամբ՝ դուրս թողնելով ընդդիմության առաջարկները, սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել եւ ընդունել է ՔՊ-ականների հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ», որը հետւյալն է.

<<2022 թվականի սեպտեմբերի 13-ին` ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ միաժամանակ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի` մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես հրետակոծվել են Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկում են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր Հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների կատարում` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության:

65 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունն՝ առանց ընդդիմության: