ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Կասեցնել իշխանության ազգակործան գործունեությունը՝ հակասող Անկախության հռչակագրին
26.08.2022 16:27

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի 2022թ․ օգոստոսի 23–ի խորհրդանշական նիստը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին Հռչակագրով Հայ Ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում եվս մեկ անգամ հռչակեց իր անկոտրում կամքը՝

  • կառուցել ժամանակի պահանջներին համահունչ ժողովրդավարական պետություն և զարգացնել Սփյուռքի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն,
  • իրականացնել յուրաքանչյուր անհատի՝ սեփական հողի վրա անվտանգ, արժանապատիվ, հոգևոր և նյութական բարգավաճման կայուն երաշխիքներով արարելու` դարերի խորքից եկող մեր նախնիների երազանքը,
  • դառնալ համաշխարհային հանրութան լիիրավ անդամ և շարունակել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու` դարերի խորքից եկող մեր նախնիների առաքելությունը:

Այդ նպատակներին հասնելու անշրջելի երաշխիքներից էր 1988 թվականին սկիզբ առած Արցախյան շարժումը, որը վերածվեց համաժողովրդական և համազգային զարթոնքի, հանգեցրեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի բոլոր հատվածների, ազգային կառուցների և անթիվ նվիրյալ անհատների համազգային նպատակների շուրջ աննախադեպ համախմբմանը: Անցած տարիները մի կողմից երկու հայկական պետությունների կայացման և մեր հավաքական անվտանգությունը վտանգող տարաբնույթ սպառնալիքներին, այդ թվում Արցախի դեմ Ադրբեջանի՝ 1992-1994 և 2016 թվականների ռազմական ագրեսիաներին դիմակայելու տարիներ էին, մյուս կողմից՝ պետության հիմնադիր փաստաթղթերով սահմանված նպատակների ոչ արդյունավետ իրականացման կամ անտեսման, հասարակական կյանքում հանրության արդարացի դժգոհությունը հարուցող, անընդունելի երևույթների արմատավորման և բաց թողնված հնարավորութունների տարիներ: Սակայն 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղակիորեն հակադրվում է Արցախի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանից անկախ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչմանը հասնելու, Հայաստանի ինքնիշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և սահմանների անվտանգությունը երաշխավորելու մասին այդ նույն իշխանությունների նախընտրական խոստումներին, որևէ կերպ չի կարող արդարացվել նախկինում թույլ տրված սխալներով: Ավելին, նման փորձերը բարոյական չեն և պատասխանատվությունից խուսափելու անհաջող փորձեր են: Ներկայումս Հայաստանի և Արցախի պետական կառույցների գործողություններն ու անգործությունը միտված են՝

  • Արցախը Ադրբեջանին փոխանցելուն,
  • Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքները և կապուղիներն Ադրբեջանին հանձնելուն,
  • «խաղաղության» քարոզչության քողի տակ, կազմալուծվող պաշտպանական համակարգի և պառակտված հասարակության պայմաններում, հակառակորդի կողմից նոր պատերազմ հրահրելուն՝ հերթական ծրագրավորված պարտությամբ:

Այդ ամենին զուգահեռ ի հայտ են գալիս նոր ավերածություններ և մահեր՝ բացահայտելով օրվա իշխանավորների հանցավոր անպատասխանատվությունն, անկարողությունը, հանրային ցավի հանդեպ անտարբերությունը: Առավել քան ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների իշխանությունների գործունեությունը ոչ միայն չի բխում Հայաստանի Անկախության Հռչակագրի սկզբունքներից, այլև ուղղակիորեն հակասում է պատմական և իրավաքաղաքական բացառիկ կարևորության այդ փաստաթղթի տառին և ոգուն: Արդյունքում ոչ միայն արցախահայությունն է հայտնվել ավելի քան 32-ամյա ազատագրական պայքարի արդյունքների կորստի իրական սպառնալիքի առջև, այլև վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Մենք՝ ՀՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներս, տագնապներով լի և բախտորոշ այս օրերին՝

  • վերահաստատելով մեր հավատարմությունը Անկախության Հռչակագրին,
  • ընդունելով սեփական պատասխանատվության մեր բաժինն անցած տասնամյակների ընթացքում Անկախության Հռչակագրի սկզբունքների իրականացման խնդրում սկզբունքային և հետևողական չլինելու համար,
  • գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ,
  • վառ պահելով ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անմեղ զոհերի և ռազմական ագրեսիաները հետ մղելու ճակատամարտերում հերոսացած նահատակների հիշատակը՝

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր հատվածներին՝ թոթափել հուսահատ դատապարտվածության և կուրացնող ատելության զգացումները, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա վիճակը չհանդուրժող բոլոր ուժերին՝ անտեսել անցյալում և ներկայումս գոյություն ունեցող տարաձայնությունները, համախմբվել և միասնական ջանքերով կասեցնել գնալով նոր թափ առնող ազգակործան գործընթացը»:

ՀՀ Առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի մասնակից պատգամավորների անունից՝

նիստը նախագահող՝ Խոսրով Հարությունյան, Կիմ Բալայան, Ք.Երևան, 23 օգոստոսի 2022թ.