ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՄԱԽՄԲՎԵԼ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
02.07.2022 14:18

      ԻՐԱԶԵԿՈՒՄ     

«Արցախի փրկություն» շարժման խորհրդի հայտարարությունը

«Վերջին իրադարձությունները՝ կապված այլընտրանքային ճանապարհի կառուցման հետ, որի հետեւանքով թշնամուն է հանձնվելու Բերձորը, Աղավնոն եւ Սուսը, պատճառաբանելով, թե նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս բոլոր տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Հարց է ծագում, թե ինչո՞ւ չեն վերադարձվում ԼՂԻՄ-ի այն տարածքները, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Հայաստանի եւ Արցախի իշխանությունների նման վարքագիծն անորոշության մեջ է գցել Արցախի բնակչությանը, որի մի զգալի մասը չի կարողանում կողմնորոշվել՝ մնա՞լ Արցախում, թե՞ հեռանալ: Սույն թվականի փետրվարի 3-ին «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչները ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են նաեւ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը, որ պետք է համապատասխանի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթներին՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Միևնույն ժամանակ, առաջիկա երեք տարում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանն, իր հերթին, պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Գտնում ենք, որ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող ցանկացած ճանապարհ պետք է անցնի Բերձորի (Լաչինի) միջանցքով, ինչպես նշված է եռակողմ հայտարարության նույն այդ 6-րդ կետում։ Դժվար է գտնել նման կենսական նշանակության հարցերի պատասխանը: Իշխանության ոչ մի ներկայացուցիչ, մանավանդ, որ Արցախում իշխանությունները ձեւավորվել են 44-օրյա պատերազմից առաջ եւ չեն վայելում ժողովրդի ստվար մասի վստահությունը, չի կարող առանց ժողովրդի համախմբման իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ առաջնորդի ժողովրդին: «Արցախի փրկություն» շարժումը, հայության ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, առաջարկում է համախմբվել՝ գործողությունների հստակ ծրագիր մշակելու նպատակով քննարկումներ կազմակերպելու՝ կոնկրետ ժամկետ ու վայր որոշելու համար: «Արցախի փրկություն» շարժումը հուսով է, որ հայ հասարակությունը կկարողանա ինքնակազմակերպվել եւ շտկել դրությունն, այլապես կործանումն անխուսափելի է:  Շարժման խորհուրդը պատրաստ է մասնակցել բոլոր քննարկումներին:

«Արցախի փրկություն» շարժման խորհուրդ , Հ․Գ․ Առաջարկությունների եւ հետադարձ կապի համար կարող եք կապվել.

  • Հեռախոս՝  097 24 92 00
  • Հեռախոս`  097 21 00 62
  • Հեռախոս՝  +374 44 120 113