ԻՐԱՎԱԿԱՆ //
ՔՊ-ի նախընտրական հոլովակում իր «դղյակները» ցուցադրող նախարար Գալյանը խորշում է պետգրանցել ապօրինի ձեռնարկատիրություն azdarar.am-ը
Հայաստանում «արդարադատությունը» խոր ճգնաժամի մեջ, նախարար Ս. Գալյանը զբաղված է կուսակցական քարոզով և իր ոլորտից դուրս, իբրև իրենց «դղյակներ», ցուցադրում է ՀՀ պետգույք հանդիսացող շենքերը: Միաժամանակ նա խորշում է պետականորեն գրանցել ապօրինի ձեռնարկատիրություն հանդիսացող իր կառույցի կողմից վարվող վճարովի հայտարարությունների հարթակ հանդիսացող, փաստացի որպես ապօրինի ձեռնարկատիրություն գործող azdarar.am-ը:
Այս առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ արդարադատության նախարարությունն՝ ի դեմս նախարար Ս. Գալյանի, ի պատասխան «Գործընթաց» անկախ թերթի գրության, չի կարողացել հերքել այն անառարկելի փաստը, որ իր կողմից վարվող azdarar.am-ը գործում է առանց պետգրանցման, հաշվառման: Սա, ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, ոչ միայն չգրանցված ձեռնարկատիրության սկանդալային բացահայտում է, այլև փաստ, որ նախարար Գալյանը չի վճարել պետությանը հասանելիք հարկերը: Ավելին, մեզ տրված գրավոր պատասխանից ակնհայտ է տարրական հասկացությունների չիմացություն: Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ-ում՝ ի դեմս մեր գրության հասցեատեր Գալյանի չգիտեն կամ ձևացնում են, թե չգիտեն, որ azdarar.am-ը պետք է ստեղծվեր ու գործեր ոչ թե օրենքով, այլ օրենքի հիման վրա: Ըստ այդմ՝ այն պարտադիր պահանջում էր առանձին գրանցում:
Սահմանադրորեն արգելված է պետության միջամտությունը բիզնեսին: Ըստ այդմ՝ տարբերակված է պետական գործառույթը տնտեսական գործունեությունից: Մինչդեռ ՀՀ ԱՆ-ը խառնել է պարզ հասկացություններ՝ կարճաբովանդակ նամակագրական բնույթի ծանուցումներից անցում կատարելով ԶԼՄ-ների օրինական գործունեության՝ հայտարարությունների հրապարակման դաշտ, այն դեպքում, երբ իր նշյալ կայքը չունի ԶԼՄ կարգավիճակ, տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակ: Սրանով պետությունը միջամտել է բիզնեսին՝ յուրացնելով նրա օրինական հասանելիք եկամուտը, հարուցել սահմանադրաիրավական խնդիր՝ մամուլի ազատության սահմանափակմամբ, տնտեսական մրցակցության խաթարմամբ:
Նախարարությունը չունի և չի կարող ունենալ լիազորություն տեղեկատվական վճարովի գործունեության: Ի վերջո, տարբեր իրավական ակտերում իբրև հայտարարության հրապարակող նշված է կայքի անունը, ոչ թե նախարարության: Եվ այդ անվանական նշումն էլ ինքնին ուղիղ կոռուպցիա է և մենաշնորհ՝ արգելված սահմանադրորեն: Նկատենք նաև, որ azdarar.am-ի գործունեության հիմքում այլ օրենք է՝ «Ինտերներտով հրապարակային և անհատական ծանուցման մասին», իսկ ԶԼՄ-ները գործում են ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքով: Ըստ այդմ՝ ՀՀ ԱՆ-ի գործառույթը չի կարող համընկնել ԶԼՄ-ների տնտեսական գործունեության տեսակ հանդիսացող տեղեկատվական վճարովի ծառայության, այն է՝ հայտարարություններ հրապարակելու հետ: Այս առումով ՀՀ ԱՆ-ը դիմել է գործող իրավակարգավորումների արմատական ձևախեղումների՝ ծանուցման ներքո վճարովի հայտարարություններ հրապարակելուն՝ գանձելով գումարներ հայտատուներին անտեսանելի հաշվեհամարով: Ի վերջո, ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հենց ԶԼՄ-ներն ունեն բացառիկ կարգավիճակ՝ որպես զանգվածային, անսահմանափակ, բազմապրոֆիլ տեղեկություններ հրապարակելու, տարածելու իրավասություն ունեցող: Այդ կարգավիճակը չունի azdarar.am-ը: Հավելենք, որ azdarar.am-ի ապօրինի կարգավիճակն ու իրավասության սահմանը քննության հիմք են, հանգեցնում են էական վնասների հանրային և պետական շահին, հայտատուներին, որոնք բազմակի թանկ և անփաստաթուղթ գործող չգրանցված կայքի են առնչվում, վնաս են կրում ԶԼՄ-ները: Եվ այդ մասին բարձրաձայնել են նաև այլ լրատվամիջոցներ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում