ՔԱՂԱՔԱԿԱՆ // ԵՔՀ ժողովը ՌԴ-ին ի ցույց՝ ի շահ Ուկրաինայի, նաև Կոսովոյի
«Նիկոլ, դավաճան» վանկարկումներով բողոքի ակցիաներ՝ հանուն հայ գերիների, Արցախի
Նախքան Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Եվրոպայի խորհուրդը բանաձև է ընդունել, որն ապտակ է Փաշինյան-Ալիև մեկմեկու հերթ չտվող այն ելույթներին, թե իբր Արցախի հարցն ու այնտեղ բնիկ հայերի վերադարձի հարցը փակված են: Նշենք, որ Եվրախորհրդարանն ապրիլի 30-ին ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 476 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ, Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որը մի քանի կարևոր շեշտադրում է պարունակում, այդ թվում՝ հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասով՝ ընդգծելով, որ քվեարկության ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Սա ուղերձ է նախընտրական այս շրջանում վարչապետի աթոռից չհրաժարվող Փաշինյանին ու իր թիմին՝ զերծ մնալու վարչական ռեսուրսի չարաշահումից, առանց որի ՔՊ-ն անգամ 0,3 տոկոս չի ստանա:
Բանաձևն առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը, համերաշխություն հաստատելով Ալիևի եկեղեցաքանդ պլաններին, խորշում են դատապարտել Արցախում արդեն 7 եկեղեցիների հիմնահատակ քանդումն Ադրբեջանի կողմից: Ըստ Եվրախորհրդարանի բանաձևի՝ « պետք է պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման պատասխանատուներին» և Արցախ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն։ Եվրախորհրդարանը դատապարտում է նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը, պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
Այս բանաձևը փոթորկել է Բաքվին, որը կարծում էր, թե ինքն ու Փաշինյանն են որոշողը: Արձագանքելով տեսակապի միջոցով Ալիևի այն վնգստոցին, թե Եվրոպան Ադրբեջանի դեմ 14 բանաձեւ է ընդունել, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շեշտել է. «Ես կցանկանայի արձագանքել և ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»:
Նշենք, որ մայիսի 4-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում՝ համաժողովի անցկացման վայրին՝ Մարզահամերգային համալիրին հարող տարածքում կայացել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում շեշտվել է օկուպացված Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի ինքնորոշման իրավունքը, որ պետք է իրացվի այնպես, ինչպես Կոսովոյի, Պաղեստինի անկախությունը ճանաչվեց ՄԱԿ կողմից: Արցախի անկախության չճանաչումը հանգեցրեց 2020-2023թթ. Ցեղասպանությանն ու էթնիկ զտմանը: Եվրոպաշտոնյաներին հիշեցրել են, որ Արցախն անկախ, զարգացող ժողովրդավարություն էր, ուր 5 նախագահ էր փոխվել ընտրությունների միջոցով: Համալիրում անցկացվող համաժողովին արցախահայերը մի շարք ուղերձներ են փոխանցել: Նրանց զուգահեռ բողոքի ակցիա են իրականացրել նաև Բաքվում պահվող հայ գերիների և անհետ կորած զինվորների հարազատները՝ պահանջով ուշադրության առնել գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրի հարցերը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»: Մինչ այս պահը որևէ եվրոպացի պաշտոնյա չի հաղորդակցվել ակցիայի մասնակիցների հետ: Բողոքի ակցիա-երթ է կայացել նաև՝ պահանջով ազատ արձակել ՀՀ-ում ազատազրկված քաղբանտարկյալներին:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում