ԻՐԱՎՈՒՆՔ //
Կոռուպցիոն շահադրդում՝ ԶԼՄ-ների օրինական եկամուտը խլելու
ԽԱԹԱՐՎԱԾ Է ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Ի հեճուկս հանրության շրջանում աճող անվստահության՝ ՀՀ արդարադատության նախարարությունը /ԱՆ/, ըստ առկա փաստերի, զբաղված է նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ. տարիներ ի վեր, իբրև ծանուցումների կայք՝ իր կողմից վարվող azdarar.am-ով: Մինչդեռ ՀՀ ԱՆ-ը կանոնադրորեն չունի տեղեկատվական ծառայության մատուցման լիազորություն: Դրանով հանդերձ՝ նշյալ azdarar.am կայքով՝ առանց պետգրանցման, հաշվառման, մատուցում է տեղեկատվական վճարովի ծառայություն՝ տեղադրելով հայտարարություններ, ինչը տնտեսական գործունեության տեսակ է՝ հանդիսացող Զանգվածային լրատվության միջոցների /ԶԼՄ/ օրինական գործունեություն, մինչդեռ azdarar.am-ը չունի նման կարգավիճակ:
Փաստացի ստացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուղիղ հանդես է գալիս՝ որպես չգրանցված ապօրինի ձեռնարկատիրական սուբյեկտ, իբրև մրցակից՝ գրանցված ԶԼՄ-ներին: Այսպես խաթարվում են սահմանադրորեն սահմանված՝ ազատ տնտեսական մրցակցությունը, նաև հարկային օրենսդրությունը և այլ օրինադրույթներ: Սա նույնն է, որ դիցուք՝ Էկոնոմիկայի նախարարությունը սնունդ արտադրի ինչ-որ մի բաժնի միջոցով՝ խլելով մասնավորի օրինական եկամուտները, կամ ՀՀ առողջապահության նախարարությունը հենց վարչական շենքում վիրահատություններ անի՝ վճարովի, Քաղշինկոմիտեն խլի կառուցապատողի եկամուտը և այլն:
Որևէ օրենքով այդ կայքի անվանական ամրագրումը չի նշանակում, որ այն կարող է առանց պետգրանցման անմիջականորեն գործել՝ մատուցելով վճարովի ծառայություն: Ինքնին այդ անվանական ամրագրումն օրենքում նաև ուղիղ մենաշնորհ է, կոռուպցիա՝ արգելված ՀՀ Սահմանադրությամբ: Այս կայքը հորինվել է պետության կողմից տարբեր անձանց զուտ ծանուցման համար, բայց դրա ներքո՝ այն վճարովի, տարբերակված գներով փաստացի տեղադրում է տարաբնույթ, այդ թվում՝ անսահմանափակ, ծավալուն վճարովի հայտարարություններ, որի իրավասուն ԶԼՄ-ներն են՝ ըստ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի: azdarar.am-ը ԶԼՄ չէ, չունի հարկային կոդ և այլն:
Այն գործում է առանց փաստաթղթավորման, չի տրվում ո՛չ հաշիվ, ո՛չ պայմանագիր:: Խախտվում են ոչ միայն պետության, մասնավորի, այլև սպառողների իրավունքները, քանզի հայտատուներին ոչ միայն տեսանելի չէ, թե ի՞նչ հաշվեհամարի են վճարում, այլև չի տրվում անդորրագիր, որը պետք է պարունակեր վճարողի տվյալները, վճարման նպատակը, ծառայություն մատուցող կայքի անունը և այլն: Պատճառն ակնհայտ է. օրենքով պետական մարմիններն իրավասու են պետտուրք գանձել միայն իրենց լիազորության շրջանակում մատուցած ծառայությունից: Հայտատուներին azdarar.am-ը փակուղու մեջ է դրել, որ այլ տարբերակ չունեն վճարման, քան ուղիղ այդ կայքով վճարումն՝ անտեսանելի հաշվեհամարին: Եթե այդ վճարները գնում են ՀՀ ԱՆ հաշվեհամարին, դա արդեն իսկ ապացույց է, որ ՀՀ ԱՆ-ն իր լիազորությունից դուրս՝ զբաղված է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ: Բացի այդ, պետտուրքերն ունեն միասնական գին, այս դեպքում կիրառվում են տարբերակված գներ: Հայտատուների մի մասի դեպքում, երբ ամբողջական ֆայլեր են հրապարակվում, գանձվում են շուկայականից մի քանի անգամ բարձր տարբերակված գներ: Եթե բացի հայտարարությունից, նաև փաստաթղթեր են կցվում, դրանց համար էլ առանձին գումարներ են կորզվում:
Իրականում, առանց պետգրանցման գործող azdarar.am-ը հուսալի չէ անգամ որպես նամակագրային ծանուցումների հարթակ: Հայտատուների դժգոհությունները տարեցտարի աճում են, քանզի այն գործում է անպատասխանատու, կամայական ջնջումներով, որոնց մասին իրեն պարտավոր չի համարում ծանուցել: Տիրապետում ենք ահազանգերին ու ապացույցներին: Միայն այն հայտատուներն են նման դեպքում ապահովագրված վնասներից, որոնք զուգահեռ հրապարակումներ են իրականացնում նաև տպագիր մամուլում կամ ԶԼՄ-ի պաշտոնական կայքում: Հավելենք նաև, որ արդի Հայաստանում ID քարտերի ճգնաժամը շրջանցելով՝ նշյալ կայքը հայտատուներին առաջադրել է կոռուպցիոն փակուղի, ըստ որի առանց նույնականացման քարտի /պահանջվում է հատկապես՝ կազմակերպության ղեկավարի ID/ անհնար է ծանուցում ուղարկելը: Իրականում այս ամենը հնագույն բյուրոկրատական կոռուպցիոն մերժելի գործելաոճ է:
Թվարկված փաստերին չունենալով հակափաստարկ ո՛չ ՀՀ ԱՆ նախարար Ս. Գալյանը, ոչ էլ իր տեղակալ Դադունցը՝ շարունակում են քայլեր ձեռնարկել՝ ի շարունակություն azdarar.am-ով ապօրինի ձեռնարկատիրության: Այս հապճեպության հիմքում ՀՀ ԱՆ կոռուպցիոն շահադրդումն է, որում օգտագործվել են մի խումբ մոլորյալ ՔՊ-ական պատգամավորներ՝ «կողմ» քվեներով: Այդ նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ «Հայաստան» խմբակցությունից օբյեկտիվորեն «դեմ» է քվեարկել ՀՀ ԱՆ-ի կոռուպցիոն, չհիմնավորված քայլերին:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում