ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ //
Տեղահանվածների վերադարձը կայուն խաղաղության անքակտելի մասն է
Այսօր՝ փետրվարի 4-ին Արցախի մշտական ներկայացուցչական շենք այցելեցին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։ Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։ Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրեց Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնեց Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։
Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրին Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։ «Մեզ համար ամենակարևոր նկատառումն այն է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Մենք ձգտում ենք պահել այն միջազգային օրակարգում և առաջարկել լուծում, որը թույլ կտա ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը»,- ընդգծել է Շվեյցարիայի Ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը
Ինչպես հայտնի է, Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձև: Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած է 19 խորհրդարանականներից։ Հանձնաժողովն արդեն սկսել է հանդիպումներ կազմակերպել Վաշինգտոնում, Լոնդոնում, Բեռլինում, ինչպես նաև Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակում։ Վոնտոբելը շեշտել է, որ Հայաստանում հաճախ հնչում է արտահայտությունը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է», սակայն իրենք իրականությունն այլ կերպ են գնահատում։ «Քանի դեռ տեղահանված մարդիկ չեն վերադարձել իրենց տները, հարցը փակված չէ և չպետք է փակված լինի։ Տեղահանվածների վերադարձը կայուն խաղաղության անքակտելի մասն է»,- ընդգծել է նա։
Էրիխ Վոնտոբելը հայտնել է նաև, որ այցելել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ ունենալով հուզիչ և իմաստալից հանդիպում։
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում