ԱՆԴՐԱԴԱՐՁ //
Աննախադեպ է, որ լրագրողին տալիք հավատարմագիրը տառացի են քննել՝ «Հավատարի՞մ է ՔՊ-ին, թե՞՝ ոչ» առևտրային ռեժիմով
2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերն ընդգրկող գարնանային նստաշրջանին ընդառաջ «Գործընթաց» թերթը բացահայտել է ուշագրավ փաստեր ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի, որն ըստ հայտարարագրի ՔՊ կուսակցության անդամ է, լրջագույն խախտումների մասին: Մեր ունեցած ապացույցները վկայում են, որ նա չի տարբերում որոշումը գրությունից, չի տիրապետում իր լիազորությունների շրջանակին կամ գիտակցելով շրջանցում է դրանք, քանի որ վճռորոշ փուլ է իր հետագա պաշտոնավարման համար:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իշխանությանը քննադատողներին ԱԺ-ում հնարավորինս կրճատելու խտրական, թիրախավորված քայլերը նոր թափ են ստացել նախընտրական շրջանում: Ինչպես նշել էինք, դեռ անցած տարվա նոյեմբերի 28-ի համարում, ԱԺ լրագրողական օթյակում մեր դեմ գրաքննության փորձ էր արվել, որը ձախողվել էր: Ըստ ԱԺ-ում Լրագրողների հավատարմագրման կարգի 24-րդ կետի՝ Ազգային ժողովը և աշխատակազմը որևէ ձևով կամ եղանակով չեն կարող գրաքննություն իրականացնել լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ: Մինչդեռ աշխատակազմի ղեկավար Դ. Առաքելյանը լրագրողական օթյակ էր արտոնել քողարկված գրաքննողի՝ առանց այցեքարտ, տարբերանշանի՝ փոխանցելու ոչ միայն ՔՊ-ական ակնկալիքներ, այլև սպասարկելու օտար շահեր: Գրաքննության նրա փորձը ձախողվել է, կանխվել կարգ ու կանոն հսկող անվտանգության միջոցով:
Դրանից հետո աշխատակազմի ղեկավարը կեղծ պատրվակով, ժամկետանց թղթով մերժել է հավատարմագրումը՝ առերևույթ շեղվելով իր պաշտոնեական պարտականությունից, գործելով հօգուտ ՔՊ-ի: Աննախադեպ է, որ լրագրողի հավատարմագիրն ԱԺ-ում ընկալվի տառացի՝ «ՔՊ-ին հավատարի՞մ է, թե՞՝ ոչ» առևտրային ռեժիմով: Ակնհայտորեն չընկալելով ԱԺ-ի՝ որպես քաղաքական բազմակարծության, այլախոհության հանդեպ հանդուրժողականության կոչված կառույցի էությունն, այն շփոթել են ՔՊ կուսակցական գրասենյակի հետ...
«Գործընթաց» թերթ