ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՊԱՌԱԿՏԻՉ ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ ՇԱՀԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
01.01.2026 17:27

      ՀՈԳԵՎՈՐ  //   

Տարեմուտի խորհրդաշատ ուղերձն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից
ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով.  
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները…Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում… 
Ազգը զորեղ է, և պետությունն՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։ Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ՝ միայն Քրիստոսին։ Առաքելահիմն Հայոց Եկեղեցին Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնով Երկնավորի շնորհն է մեր ժողովրդին՝ ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ։
Տարեմուտի խորհրդաշատ այս պահին, սիրելիներ, Հայրապետիս հորդորն է՝ ամուր և աներեր պահենք  մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։ Թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մեր ազգային ոգին։ Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման։ Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամեն զոհողության։ Բարի և արժանապատիվ ընթացքով վերահաստատենք եղբայրասիրության, փոխադարձ հարգանքի, զորակցության մթնոլորտը մեր հայրենիքում, ազգային կյանքում և միջանձնային հարաբերություններում։ Դժվարին այս շրջանը, անտարակույս, պիտի հաղթահարենք մեր լույս հավատի, մեր միասնականության, հաստատակամության ու տոկունության շնորհիվ՝ ունկնդիր առաքելական պատգամին. «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կոր․ 13:11)։
Աղոթենք Հայոց բանակի սպաների և զինվորների, նեղությունների ու կարիքի մեջ գտնվողների, գերեվարված ու անհայտ կորած և բանտերում արգելափակված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Առ Տերն ապավինությամբ թող մեր հայացքը դեպի ապագան համակված լինի լավատեսությամբ, որով 2026 թվականը կարող պիտի լինենք դարձնել նոր հնարավորությունների տարի՝ առավել ամրացնելու և զորացնելու մեր պետականությունը, ազգային ինքնությունն ու հոգևոր մեր կյանքը։ Ըստ առաքյալի պատգամի՝ ընթանանք ինչպես լուսո որդիներ, քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը (հմմտ․ Եփ․ 5։8-9)։ Թող Աստծո սերն ու շնորհները միշտ սփռված լինեն հայրենական ու ազգային մեր անդաստանում և ամենքիս սրտերում։
Աստված օգնական և պահապան մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհավոր նոր տարի»։