ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Այսօր ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է արվել՝ հայ գերիների ազատման համար
Արցախում 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվե, որի արդյունքում տեղաբնիկ ժողովրդի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։ Օրվա առթիվ այսօր առավոտյան Արցախի Հանրապետության ղեկավար կազմը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Նշենք, որ քաղաքագիտական անկախ վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ 1991թ.-ից Արցախի ինքնորոշումն ու անկախացումն անշրջելի են հետևյալ հիմքերով:
- 1991թ. ԼՂԻՄ-ը /Արցախ/ ԽՍՀՄ փլուզման անկառավարելի իրողությունների և Բաքվի կողմից հայաբնակ շրջաններում ցեղասպանական քայլերի պայմաններում էր դիմել «անջատում՝ հանուն փրկության», ազգերի ինքնորոշման սկզբունքով անկախացման: Դրա համար անշրջելի լեգիտիմ հիմք ծառայեց ԽՍՀՄ կազմից Խորհրդային Ադրբեջանի դուրս գալն անկախության հռչակագրով, որից հետո ԼՂԻՄ-ը հռչակվեց անկախ՝ հիմնվելով հենց «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
- ԽՍՀՄ փլուզման պահին Խորհրդային Ադրբեջանն ուներ 2 տարբերակ՝ կամ դառնալ ՌԴ մաս, կամ անկախանալ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը չմնաց ՌԴ կազմում՝ հուսալով, թե ուժով կկարողանա կանխել ԼՂԻՄ-ի օրինաչափ անկախացումը, չկարողացավ շուրջ 30 տարի: Ցեղասպանվող ԼՂԻՄ-ն անկախացել էր՝ ՀՀ-ին միանալու հեռանկարով, քանզի Հայաստանն էր այն միակ երկիրը, որը երաշխավորեց ԼՂՀ-ի՝ 30 տարի անվտանգ գոյությունը՝ մինչ Փաշինյանի ձախողումը 2020թ. պատերազմում…Ավելին, չունենալով իրավունք հանդես գալու ԼՂՀ /Արցախի/ անունից, ՀՀ իրավական ակտերին հակառակ՝ այն ճանաչելու Ադրբեջանի մաս, Փաշինյանը պաշտոնեական ապօրինի վերազանցումների դիմեց՝ հօգուտ թշնամու: Իր հերթին Արևմուտքը հասավ նրան, որ Ալիևը ՌԴ ուժերը դուրս մղեց Արցախից անգամ նոյեմբերի 9-ի թղթում նշված 5 տարին չլրացած…
Բաքուն, շրջանցելով միջազգային դատարանի վճիռը Բերձորի մասով, ամբողջական էթնիկ զտման ենթարկեց Արցախը, ղեկավարներին գերեվարել, իսկ Արցախը պահում է օտարերկրյա զինված ուժերով, այդ թվում՝ հրեական, թուրքական և այլն, փոխարենը խոչընդոտում է ՄԱԿ միջազգային կառույցների մուտքն այնտեղ: Դրանով հանդերձ Ադրբեջանը դուրս չի մղվում ՄԱԿ-ից, քանի որ շարունակում է աջակցել Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի: Արցախի օկուպացիան ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման ապացույց է…Ակնհայտորեն ՄԱԿ-ը և այլ միջազգային դերակատարներ զրկվել են այն լծակներից, որոնք ունեին Արցախի 30 տարվա անկախության ընթացքում…
Ի դեպ, այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ՀՅ Դաշնակցության անդամները 23 հայ գերիների լուսանկարներով բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակում: Նրանք ՄԱԿ-ից պահանջում են ձևավորել անկախ, անաչառ հրապարակային դիտորդական առաքելություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրական դրությունը պարզելու և այն հրապարակային դարձնելու համար։ Պահանջում են նաև, որ ՄԱԿ-ը գործադրի հստակ մեխանիզմներ՝ միջազգային կազմակերպությունների մուտքը Բաքվի բանտեր անխոչընդոտ ապահովելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում