ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ՝ ՄԽ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱՆՔ Է
Հայկական բնօրրան Արցախի Հանրապետությունն՝ անկախացած սեպտեմբերի 2-ին, բնիկ ժողովրդի հանրաքվեով միջազգային իրավանորմերի համաձայն, չի կարող չեղարկվել որևէ թղթով: Այս առումով սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ընդառաջ Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ին ժ.18:30-ին միասնության մեծ հավաքն այս տարի մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը վերաիմաստավորելու խորհրդով է: «…Ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն…Արցախյան հակամարտությունը լուծված չէ, մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլորի իրավունքները, պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ…»,-հայտարարել է ՀՅԴ-ն: Իր հերթին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է. «Արցախը միայն տարածք չէ, այլ մեր ինքնությունը, պատմությունը և անփոխարինելի արժեքն է…»: Կոչ է արվում միասնության, համախմբվածության:
Ինչպես հայտնի է, Փաշինյանը, 2020թ. պատերազմում հազարավոր զոհերից հետո ուրանալով Արցախը, ճանաչել է այն Ադրբեջանի մաս: Ապա շարունակելով օտարի շահն առաջ մղելու ջանքերը՝ Թուրքիային ու Ադրբեջանին համահունչ, ճանաչել է Պաղեստինը: Սա դավաճանության դրվագներից մեկն է, որը քրեական ընթացք կստանա իշխանափոխությունից հետո:
Անարդար է և երկակի չափանիշ, որ ղեկավար չունեցող, քաոսի մատնված Պաղեստինը ճանաչվում է, անգամ դա պատրաստ է անել Մակրոնը, իսկ Արցախը, որի ղեկավար կազմը Բաքվի բանտում պատանդառված է՝ 150000-անոց ժողովրդի բռնի տեղահանման և Հայաստան հասնելու համար, չի ճանաչվում: Փաշինյանն էլ Մինսկի խմբի լուծարման է դիմել Ալիևի հետ համատեղ: Նման պայմաններում, երբ առկա են ՄԻԵԴ դատավճիռներ, ԵՄ-ի արձանագրումը՝ Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտման և պատանդների ապօրինի պահման, Բաքվում կեղծ դատերի փաստերով, Մինսկի խումբ լուծարելը միջազգային հանցագործություն է…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 389 համարում