ՀՐԱՏԱՊ //
Անհետ կորածների հարազատների հույսը կապված էր ԱԱԾ տնօրեն Աբազյանի հետ, որը երեկ չհիմնավորված հեռացվեց գործից
ՀՀ Ազգային Ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, երեկվանից սկսված բողոքի ակցիան շարունակվում է. պողոտան փակ է, անհետ կորածների հարազատներն ինքնաբուխ հավաքով պահանջում են իշխանությունից պարզաբանում, թե ինչու՞ երեկ գործից հեռացվեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որի հետ իրենց վերջին հանդիպումը հույս էր արթնացրել, որ հարցը տեղից կշարժվի: Նրանք գիշերել են հավաքի վայրում: Հերոսների հարազատների տպավորությամբ՝ հենց մի փոքր շանս է հայտնվում իրենց պահանջների լուծման, Փաշինյանը չհիմնավորված ընդհատում է: Այսինքն՝ բուն խոչընդոտը ռեժիմի մեջ է: Նրանք պնդում են, որ հարցին տիրապետում էր Աբազյանը և նրա հեռացումը նաև նշանակում է՝ խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների ընդհատում: Հավաքի մասնակիցները պահանջում են, որ Աբազյանը գա իրենց հետ հանդիպման, հասկանան անորոշության մատնված իրենց պահանջների լուծման հեռանկարը: Ի վերջո, իշխանությունը պետք է պատասխանատու լինի իր քայլերի ու դրանց հետևանքների համար՝ չթողնելով նման լրջագույն հարցերն անորոշության: Նրանք երաշխիք են պահանջում իրենց հարցերի հրատապ և հստակ լուծման՝ ընդգծելով, որ ձգձգումների հետևանքով արդեն մի քանի անհետ կորածների ծնողներ այս ընթացքում մահացան:
Երեկվա ակցիայի ընթացքում ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապ բուժօգնություն ցուցաբերվեց: «Գործընթաց» թերթի տեսախցիկն արձանագրեց, որ մինչ այդ ոստիկանությունը փորձում էր հորդորել, որ դադարեցնեն ակցիան, փողոց փակողներին վախեցնելու նպատակով 2 ոստիկանական մոտոցիկլեր մոտեցան, ապա կարմիր բերետավորներ հայտնվեցին, բայց քիչ անց հետ կանգնեցին այդ քայլից՝ թույլ տալով շարունակել ակցիան: Հընթացս ակցիայի մասնակիցներին մոտեցավ Դավիթ Սանամյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմից՝ համոզելու, որ բացեն փողոցը, տեղափոխեն ակցիան մեկ այլ վայր, բայց անհետ կորածների հարազատները պնդեցին, որ այդպես քանիցս են արել, հարցը տեղից չի շարժվել, կրկնեցին իրենց պահանջներն Աբազյանի հեռացման և իրենց հարցի հեռանկարի մասով պարզաբանում ստանալու: Հավելենք, որ երեկ բողոքի ակցիայի մասնակիցները նախ՝ կառավարության մոտ, ապա ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ընթացքում իրենց հարցով դիմելով այդ կառույցներ՝ չստացան պատասխան, ինչը հաստատում է քաղաքական վերադասի անկարողությունը, չկամությունն ու անգործությունն իր անմիջական պարտականություններում: Ի դեպ, մեր տեսախցիկն արձանագրեց նաև, թե ինչպես հընթացս ակցիայի ԱԺ-ից դուրս եկած ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը, ապա փողոցով իջնող, մուգ ակնոցներով քողարկված մի քանի ՔՊ-ական պատգամավորներ անհաղորդ մնացին բողոքի ակցիային:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում