ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մայր Աթոռի առաջարկով միջազգային համաժողով Շվեյցարիայում՝ Արցախի հետ կապված հրատապ հարցերով
31.05.2025 20:30

      ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ       

ՈՃՐԱԳՈՐԾ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵԽ ԲԱՆԱՁԵՎԻ՝ ՄԵՐԺՈՒՄ Է ԱՐՑԱԽՈՒՄ ՏԻՐՈՂ ՎԻՃԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Մայր Աթոռի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նշել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով: Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են իրագործել Եվրախորհրդարանի 2022 թ.-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ 

«Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելել է Վեհափառ Հայրապետը՝ շեշտելով, որ նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը: Նորին Սրբությունն ընդգծել է․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է, նաև հույս է հայտնել, որ միջազգային դերակատարները գործուն քայլեր կձեռնարկեն՝ այդ ուղղությամբ նաև արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանն ուղղված։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում