ՔԱՂԱՔԱԿԱՆ //
ԱՌԱՆՑ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ՝ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԽ ԼՈՒԾԱՐՎԵԼ
Հայերը թշնամու դեմ հակագրոհում հաղթել են թե՛ 1994թ.-ին և 2016թ., թե՛ Հայրենականում՝ 1945թ.-ին
Բազմաթիվ են Բաքվին հակազդելու միջոցները, բայց ՀՀ իշխանությունը դրանք մինչ օրս չի կիրառել…Դիցուք, կարող էր ՄԱԿ-ում հարց առաջադրեր, թե ինչու՞ Ադրբեջանը չի հեռացվում ՄԱԿ-ից, երբ այն մերժել է ՄԱԿ-ի և ԵԽԽՎ-ի դիմումներն՝ Արցախում և ընդհանուր Ադրբեջանում դիտարկումներ անելու: Այս տարի Գերմանիայի առաջնորդն էլ Բաքվում հստակ ընդգծեց, որ ովքեր 1991թ. ԼՂ-ն Ադրբեջանի մաս են ճանաչել, ընդունել են այդ պահին ԼՂԻՄ ինքնավար կարգավիճակը: Ավելի ուշ Բաքվի կողմից միջազգային իրավանորմերի շրջանցմամբ, մտացածին վարչական որոշմամբ ԼՂԻՄ լուծարումն ու դրա միաձուլումն իրեն, ապա 2023թ.-ին ուժով զավթումը մերժելի է միջազգային հանրության կողմից: Բաքուն փաստացի չունի իրավունք իրեն ձուլելու ԼՂԻՄ-ը, որն անկախացել էր ԽՍՀՄ փլուզման շրջանում նույն իրավունքով, ինչ մնացյալ վարչատարածքային միավորները:
Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արգելքին վերաբերվող ՄԱԿ-ի բանաձևերի կոպիտ խախտումները վերոնշյալով հանդերձ՝ հիմք են ՄԱԿ-ի համար Ադրբեջանը հեռացնելու իր կազմից: Անպատիժ մնալով՝ Բաքուն հիմա հարց է դնում՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը…Մինչդեռ Մինսկի խմբի /ՄԽ/ լուծարում քննելու համար նախ՝ պետք է ոչ միայն Արցախում, այլև Ադրբեջանում տիրող իրավական վիճակի միջազգային գնահատականներ տրվեն, որոնք չկան, քանի որ արգելված է միջազգային կառույցների մուտքը: Այս և մի շարք այլ հիմքեր անհնար է շրջանցել, հակառակ դեպքում՝ ՄԽ լուծարումն՝ անկախ Ալիև-Փաշինյան ցանկություններից, կդառնա ոչ լեգիտիմ, մտացածին թղթի կտոր…
Նշենք, որ ԵԽԽՎ բոլոր պահանջներն Ալիևը մերժել է՝ վերահաստատելով, որ Հայաստանի արևելքում ռեգիոնի ջունգլիներն են, ուր Արցախը շարունակաբար ավերվում է, այդ թվում՝ կրոնամշակութային «հոշոտմամբ», իսկ հայ գերիներն, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները դռնփակ են դատվում …Արդեն իսկ Նախարարների կոմիտեն պետք է որոշի՝ ինչպե՞ս վարվել ադրբեջանական ջունգլիների հետ: Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է՝ որոշել են, որ անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել՝ ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, այդ ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից:
Հիշեցնենք, մայիսը հայերիս համար Հաղթատոնի ամիս է, քանզի մայիսի 8-ին էր ազատագրվել Շուշին, հետո նաև ողջ Արցախը: Այսկերպ, ԽՍՀՄ փլուզումից և Արցախի անկախացումից հետո Բաքվի ագրեսիայի դեմ բնիկ ժողովրդի հակագրոհը 1990-ականներին նշանավորեց մեր կրկնակի հաղթանակը՝ 30 տարի ռեգիոնում խաղաղություն ապահոված: Հայկական կողմն ադրբեջանական ագրեսիայի դեմ ինքնապաշտպանական ազատամարտում 2 անգամ է հաղթել՝ 1994թ.-ին և 2016թ. ապրիլին, ընդ որում բացարձակ ինքնուրույն, իսկ Ադրբեջանը 2020թ. արտաքին ուժերի խմբային, տեռորիստական աջակցությամբ է իրեն հռչակել իբրև «հաղթող», այնինչ իրականում Արցախի զավթումն իրեն այնքան թանկ են արժեցել, որ հիմա «գաղութ» է դարձել Իսրայելի ու Թուրքիայի ձեռքում: Թշնամու ապօրինի զավթումները ցանկացած պահի կարող են վիճարկվել, հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ընդունված ինքնավար կարգավիճակի մերժումը Բաքվի կողմից դատապարտվում է միջազգային հանրության կողմից: Հավելենք, որ 1990-ականների և 2016թ. հայերի հաղթանակները համահունչ են 1945թ. Հայրենական պատերազմում հայերի ներդրած ծանրակշիռ ավանդին, որին էականորեն զիջում է Ադրբեջանը:,
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 381 համարում