ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-110 //
Այն հաջորդել է նախօրեին՝ ի հեճուկս հորդառատ անձրևի բազմահավաք ջահերով երթին, այրվել են ցեղասպանագործների դրոշները
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Երևանի Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ամենամյա ջահերով երթն այս տարի ապրիլի 23-ին իր շարքերն ընդլայնել է արցախցիների հոծ բազմությամբ՝ ընդգծելով ցեղասպանագործ երկրների դրոշների այրման խորհուրդը: Այս ուղերձը համալրվել է թշնամու հետ խաղաղված փաշինյանական վարչախմբին ուղղված «Մի՛ ուրացիր» կոչով, որին համահունչ Ազգային ժողովում ընդդիմությունն օրենքի նախագիծ է առաջ քաշել՝ քրեականացնելու Ցեղասպանության ուրացումը: Նշենք, որ ի հեճուկս հորդառատ անձրևի՝ ջահերով երթը մեծ բազմության համահավաք եղավ, որի մասնակիցները կրում էին նախապես բաժանված օրվա խորհրդանիշ անմոռուկով գլխարկներ և կանթեղներ։ Երթը կեսգիշերին հասել էր Ծիծեռնակաբերդ՝ վերահաստատելով, որ պայքարը հանուն արդարության շարունակվելու է: Անմար կրակի մոտ Տերունական աղոթք է հնչել:
Վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդ քաղաքացիների մուտքը խոչընդոտվել է՝ ժողովրդից մեկուսացած ՀՀ վարչախմբի՝ ի դեմս Փաշինյանի այցի պատճառով: Քաղաքացիները ստիպված են եղել ժամից ավել սպասել՝ մինչ ժողովրդից մեկուսացած մի խումբ ՔՊ կուսակցականներ իրենց <<զրահապատած>> պետական ռեսուրս հանդիսացող ուժայիններով հեռանան, նոր միայն ժողովուրդը տեղաշարժի իրավունք ստանա դեպի Ցեղասպանության հուշահամալիր:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կատարել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ: «Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,-ընդգծել է Գարեգին Բ Կաթողիկոսը: Նշենք, որ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների անընդհատյա հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ աննախադեպ բազմամարդ է ու խիտ: Այն շարունակվում է: Թերևս, սա ժողովրդի պատասխանն է Փաշինյանին, որը ոչ միայն փորձել էր կասկածի առնել տեղի ունեցածը, այլև ԱԺ ամբիոնից իր ապազգային դիրքորոշումը հայտնել, թե Արցախյան շարժումը չի շարունակվելու, այսկերպ, ըստ էության, փորձելով ի կատար ածել թշնամու հանրահայտ պահանջները՝ բացահայտ շրջանցելով հայ ժողովրդի կամքը: Հավելենք, որ ցեղասպանագործ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Փաշինյանն իր խոսնակի միջոցով բնորոշել է՝ իբրև դատապարտելի, սադրիչ՝ այդկերպ հանրության շրջանում հրահրելով, բորբոքելով ցասում՝ ընդդեմ իշխանության, որը սնվում է հայ ժողովրդի գրպանից, բայց ծառայում է թշնամուն՝ նրա խոսնակի դերում ընդդեմ ողջ աշխարհի, որը դատապարտելի է համարում ցեղասպանագործությունը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում