ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախցիների բազմամարդ հանրահավաքը կընդլայնվի, եթե անտեսվեն առկա խնդիրները
29.03.2025 17:53

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //    

Բացառե՛լ ապօրինի, ինքնակոչ որոշումների ընդունումը

 Պահանջագրի հիմքում միջազգային իրավանորմերն ու սկզբունքներն են

Այսօր՝ մարտի 29-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում կայացավ կենսական իրավունքների բարձրաձայնմամբ մեծ, բազմամարդ հանրահավաք, որի պաշտոնական մասի ավարտին պահանջագիր հրապարակվեց՝ փոխանցելու ՀՀ կառավարությանը և միջազգային հանրությանը: Պահանջագրում ասվում է. «Մենք՝ մեր պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս, համախմբված Մայր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնում ենք մեր ձայնն՝ ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։ ՀՀ իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են՝ նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը: Այս առումով, հարկ է կատարել 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը: Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, այդ թվում՝ 

  • Կազմակերպել միջազգային դոնոր համաժողով՝ նշված և այլ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու ՀՀ ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումից: 
  • Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները: 
  • Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները: 
  • Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման և այլ ճնշման գործիքակազմերով: Ուշադրության կենտրոնում պահել նաև անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը: 
  • Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։ Այդ առումով խիստ կարևոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային գույքի ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը՝ պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում և պատժամիջոցների կիրառում: 
  • Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով: 
  • Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության և վերականգնման որևէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության: 
  • Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար: 
  • Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը»:

Այս և մի շարք այլ պահանջներով հանդերձ՝ Արցախի բռնագաղթած քաղաքացիները վճռական են՝ պաշտպանելու իրենց իրավունքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։ Սա կոչ է արդարության, հանուն լուսավոր ապագայի, հանուն մեր համազգային արժանապատվության, հանուն տարածաշրջանի կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության և Հայոց Հայրենիքի հարատևման…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում