ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի խտրական, ոչ վայել վարքը ենթակա է քննության
27.03.2025 13:47

      ԻՐԱՎԱԿԱՆ   //   

Կառավարություն-ԱԺ համատեղ նիստին լրագրողների  ակցիան օթյակում խոչընդոտվել է, արդյունքը՝ դատապարտող հայտարարություն, հաղորդում 

Մարտի 26-ին Ազգային ժողովում՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի նիստի մեկնարկին, երբ դահլիճ է մտել վարչապետ Փաշինյանն, ի տես բոլոր ներկաների, իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ պատգամավորին ոչ վայել, խտրական պահվածքի դեմ, որը նա դրսևորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ: Դատապարտելով տեղի ունեցածը՝  «Գործընթաց» թերթը հարկ է համարում ընդգծել, որ նշյալ պատգամավորը միաժամանակ ԱԺԽ անդամ է, որն ի պաշտոնե ստորագրած լինելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին վերաբերելի կարգը, պարտավոր էր գիտակցել, որ թույլ է տվել այդ կարգի առերևույթ, կոպիտ խախտում՝ թիրախավորելով կոնկրետ ԶԼՄ-ի լրագրողի՝ նրա հանդեպ դրսևորելով անթույլատրելի խտրականություն՝ արգելված այդ նույն կարգով: Ի դեպ, խտրականության հիմքով կարգի կոպիտ իրավախախտումներն Ազգային ժողովում առավել պարբերական են դարձել  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օրոք:

Անդրադառնալով վերոնշյալ ակցիային, նշենք, որ դրա խոչընդոտման հետ կապված Ժուռնալիստների միությունը դատապարտող հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով»: Դրանից հետո ՊՊԾ աշխատակիցները, խոչընդոտելով ակցիան, քաշքշելով նրանցից խլել են պաստառները:  Միությունը շեշտում է, որ «Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին  իրենց ակցիան…Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում»: Լրագրողների ձեռքից պաստառներ խլելն ու ակցիան խոչընդոտելն, ըստ միության, առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի չէր կարող լինել, թեպետ ԱԺ նախագահը փորձել է իբր հերքել, թե ինքը նման հրահանգ չի տվել:

«Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են: Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: Հիշեցնում են, որ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում