ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-33 //
Շնորհավո՛ր Հայոց արժանապատիվ պաշտպաններին. «Գործընթաց» թերթ
Հունվարի 28-ին տոնանշում ենք Հայոց բանակի ստեղծման 33-ամյակը, բանակ, որ հիմնվել է 1992թ.-ին պետականակերտման և անկախացման գործընթացի բարդագույն փուլում՝ Ադրբեջանի կողմից դեռևս 1980-ականներից հրահրված բախումների և արդյունքում պատերազմի վերաճած կոնֆլիկտի, հայկական հողերի ազատագրության հրամայականով: Հայրենիքի գոյության, հետագա լինելիության այդ վճռական օրերին հայոց քաջերը բռունցք դարձան՝ արագորեն ձևավորելով կամավորական, ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանի ու Արցախի սահմաններին ամուր հենասյունն ու երաշխավորն էին ոչ միայն 1000-ավոր կյանքերի փրկության, այլև բանակաստեղծման գործընթացի անխափան ու արդյունավետ իրականացման համար:
Ամեն տարի հունվարի 28-ին հայ ժողովուրդը տոնում է Հայոց Բանակի օրը, բազմաբնույթ միջոցառումների շրջանակում համախմբելով, գնահատելով և վերաիմաստավորելով ներդրված ջանքերը՝ հանուն հայրենիքի ամրակուռ պաշտպանության: Մեր օրերում, երբ ՀՀ իշխանության՝ ի դեմս Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով ավելացել են անվտանգային սպառնալիքներն, իսկ թշնամին իր վերահսկողության գոտի մտցրած տարբեր օտարերկրյա զինված ուժեր՝ շարունակում է տեռորիստական հոխորտանքներն ընդդեմ Հայաստանի, առավել, քան երբևէ հրատապ են դարձել անվտանգային հարցերում անսխալական, գրագետ, պրոֆեսիոնալ որոշումների կայացումն՝ ի նպաստ պաշտպանության ամրապնդման, ոչ թե հակառակը՝ թշնամու հորինած հակահայ քարոզի տարածման, որով զբաղված են ընդհուպ ՀՀ որոշ բարձրաստիճաններ:
Շնորհավորելով 33-ամյա Հայոց Բանակի արժանապատիվ պաշտպաններին, «Գործընթաց» թերթը մաղթում է վճռականություն՝ հանուն հայրենիքի իրենց ջանքերում, համբերատարություն, ոգու ամրություն, անսպառ ուժ ու եռանդ, մեր սահմաններին ամրություն և խաղաղություն:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմ