ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻՆ «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԹԵՐԹԸ ՄԵՐԺԵԼ Է
Հայաստանում չկա ոչ արտակարգ ռեժիմ, ոչ էլ պարետային ժամ, բայց Ազգային ժողովում 2021թ.-ին Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ խոսնակ կարգվելուց ի վեր, խտրականորեն հենց հանրային առաքելություն իրականացնող ԶԼՄ այցելուների դեմ՝ որպես կանխակալ անբարյացակամության նշան, նիստերի օրերին կիրառվում են տեղաշարժի սահմանափակումներ: ԵՎ ԱԺ-ի հորինած «արտակարգ ռեժիմը» ԶԼՄ-ների դեմ, կարծես, անժամկետ է:
Բացի այս, պետական կառավարման մարմիններում Լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգից էականորեն շեղվելով՝ ԱԺ-ն նոր ապօրինի դրույթներ է ավելացրել: Շրջանցվել է ԱԺ-ի առանձնահատկությունը՝ որպես առաջնային մանդատով ընտրվելիք, քաղաքական տարբեր ուժերի բախման վայր: Ուշագրավ է, որ նման որոշման է գնացել Ալեն Սիմոնյանը, որի կենսագրականը վկայում է, որ նախկին իշխանության օրոք այնքան անհոգ է եղել, որ սիթքոմներում է նկարվել, ժամանցային խաղերով զբաղվել, երբ այդ ընթացքում ԶԼՄ-ները, դիմակայելով այդ ժամանակի իշխանությանը, քննադատում էին, բարձրացնում հանրային իրավագիտակցությունը: Եվ 2018թ.-ին ժողովուրդը պահանջեց իշխանափոխություն…: Թե՛ 2018թ.-ին, թե՛ առավել ևս 2021թ.-ին ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը չի ընտրել ՔՊ-ին, ուստի դրանից հետո և հենց առաջիկա 2026թ. նախընտրական փուլին ընդառաջ՝ անկախ ԶԼՄ-ների դեմ, ինչպեսև ժողովրդի դեմ հակաքայլերի են անցել՝ չհաշվարկելով հետևանքը:
Այսպես, ԱԺ խորհրդի դեկտեմբերի 2-ի կոլեգիալ որոշմամբ մի շարք ապօրինի դրույթներով աղավաղվել է Լրագրողների հավատարմագրման կարգն ԱԺ-ում…Ապա դրա մասին ծանուցելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրույց-թեյախմության հրավեր է ուղղել ԶԼՄ-ներին, այդ թվում՝ «Գործընթաց» թերթին՝ դեկտեմբերի 12-ին հանդիպելու ոչ ֆորմալ ձևաչափով, առանց տեսախցիկների և բարձրախոսների…: Մինչդեռ ընդունված պրակտիկայի և առկա իրավակարգավորումների համաձայն՝ նման հարցերը ենթակա են լուծման հրապարակային քննարկմամբ, ոչ թե փակ, ոչ ֆորմալ հանդիպմամբ: Այս և մի շարք այլ գործոնների հիմքով, որպես անկախ մամուլ, պաշտոնապես ԱԺ նախագահի մամլո խոսնակ Մովսեսի միջոցով «Գործընթաց» թերթը մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերը:
Ավելին, գրություն ենք ուղարկել ԱԺ խորհրդի բոլոր 14 անդամներին՝ անձամբ պարզաբանելու իրենց դիրքորոշումները կամ ընդունելու մեր առաջարկը՝ կարգից բացառելու ապօրինի դրույթները, որոնք ըստ ԶԼՄ-ների մասին օրենքի իրավաբանական ուժ չունեն: Նշենք, որ ԱԺԽ նոր որոշմամբ բեյջերի կրման երկիմաստ ֆորմատ է սահմանվել, կարծես, զուգահեռ 2 բեյջ է պահանջվում՝ մեկը «հագուստի վրա» կրելու, մյուսը՝ «կախել պարանոցից», որ երևի մեկն այնքան էլ տեսանելի չլինելու դեպքում, մյուսը գոնե երևա…բայց վերջինս մեկնաբանում են՝ իբրև միակ կիրառելի ձև: Սա հակասում է օրենքին, որով իրավանորմը պետք է մեկնաբանել տառացի, ոչ թե կամայական:
Ընդ որում պարզաբանումը պետք է տար ԱԺ խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն իր բլանկով, մինչդեռ պատասխանը տրվել է աշխատակազմի քարտուղարի ձևաթղթով…Ալեն Սիմոնյանը, նաև խորհրդի անդամներ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը հասցեագրել էին իրենց ուղղված մեր գրությունը ԱԺ աշխատակազմին, այնինչ այդ հարցը ենթակա չէր հասցեագրման աշխատակազմին…
Բացի նշվածից, վիճահարույց կարգի 17-րդ կետն ունի դրույթ, որը դուրս է վերադաս իրավական ակտի՝ ԶԼՄ-ների մասին օրենքի 6-րդ հոդվածից: Ըստ այդմ՝ ԱԺ-ին տրված իրավասությունը ենթակա չէ կատարման այլ միջնորդ անձանց միջոցով, որոնք դուրս են պետական օղակի կազմից…Կարգի մեկ այլ 27-րդ կետն էլ, նույն կարգի 22-րդ կետով սահմանված ԶԼՄ-ների պարտականությունների շրջանակից դուրս՝ պահանջում է ստորագիր համաձայն լինել մի կարգի, որի քվեարկողները, կարծես, տեր չեն իրենց որոշմանը: Ստորագրելու դեպքում լրագրողն ապացույց կստանա ԱԺ կողմից գրաքննության՝ արգելված Սահմանադրությամբ, օրենքով ու կարգով…Հուսով ենք, «Գործընթաց» թերթի իրազեկումը կօգնի ԱԺ խորհրդի անդամներին մեր դեկտեմբերի 3-ի գրությանն օրինաչափ պատասխանելու իրենց անվանական բլանկներով, առանց դրա հիմք կունենանք կարծելու, որ իրենք չեն իրենց որոշման իրական շահառուն, քվեի տերը, իրենց փոխարեն որոշում ընդունում է այլ անձ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 374 համարում